Մատչելիության հղումներ

Բերնար Ֆասիե. «Ռամբույեն կարող է շրջադարձային դառնալ»


«Ռամբույեն կարող է մի շրջադարձ հանդիսանալ, գուցե՝ ճշմարտության պահ, որը նոր փուլեր կբացի բանակցությունների համար», - չորեքշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն:

«Ռամբույեի հանդիպումից մենք սպասում ենք հիմնական սկզբունքների ընդունում, որոնց վրա կարելի է հիմնել ապագա բանակցությունները», - Ֆրանսիայի արտգործնախարարությունում կայացած ասուլիսում նշեց Բերնար Ֆասիեն:

Նրա խոսքերով, Մինսկի խմբի միջնորդությունը հաջողություն չէր արձանագրել մինչ այժմ՝ բացի 2001 թվականի Փարիզի հանդիպումների ընթացքում ընդունված սկզբունքներից, որոնք պետք է ստորագրվեին հետագայում՝ Քի Ուեսթում:

Դիվանագետը ավելացրեց, թե բանակցությունները պետք է առաջնորդվեն երկու միջազգային սկզբունքներով. Ադրբեջանի համար՝ տարածքային ամբողջականություն, Հայաստանի համար՝ ազգերի ինքնորոշման իրավունք: «Ենթադրվում է համաձայնության գալ փոխզիջումնային ուղու վրա», - ասաց Ֆասիեն:

«Կարող է ընդունվել Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներից հայկական զորքերի փուլային դուրսբերման սկզբունքը, ինչպես նաեւ ապագայում Ղարաբաղի բնակչության հանրաքվեն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», - հայտարարեց Ֆասիեն՝ ավելացնելով, թե «դա կկատարվի այն ժամանակ, երբ կարողանան իրենց կամքը արտահայտել Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի բոլոր բնակիչները»:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG