Մատչելիության հղումներ

Ստամբուլի դատարանը երեքշաբթի օրը մեղադրող կողմի պահանջով որոշել է մինչեւ ապրիլի 11-ը հետաձգել հինգ լրագրողների գործի քննությունը: Լրագրողները մեղադրվում են Թուրքիայի դատական մարմիններին վիրավորելու եւ դրանց վրա ճնշում գործադրելու փորձի մեջ:

«Ֆրասնպրես»-ի փոխանցմամբ, անցած տարվա սեպտեմբերին «Ռադիկալ» թերթի 4 լրագրողները, ինչպես նաեւ «Միլլիեթ» թերթի թղթակիցը իրենց հոդվածներում քննադատել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի անցկացումը արգելելու՝ թուրքական դատարանի որոշումը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է 6 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում:

Դատավարությանը հետեւել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ Եվրամիության ներկայացուցիչները, ովքեր դարձել են լրագրողների դատապաշտպանների, Թուրքիայի ծայրահեղական իրավաբանական ընկերակցության անդամների եւ ոստիկանների միջեւ ծագած կարճատեւ ծեծկռտուքի ականատեսը:

«Եթե այս հինգ լրագրողները դատապարտվեն, դա բացասական հետեւանքներ կունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի վրա», - լրագրողների ասել է Եվրամիություն-Թուրքիա միջխորհրդարանական կոմիտեի համանախագահ Յուստ Լագենդիյկը եւ ավելացրել. - «Եթե դատարանը որոշի, որ այս ամենը խոսքի ազատության մաս է, կարծում եմ, հետեւանքները սահմանափակ կլինեն»:

Լրագրողներին մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի վիճահարույց 301 հոդվածով, որը պատիժ է նախատեսում «Թուրքիայի պետական ատյանները վիրավորելու» համար եւ որով դատական հետապնդման են ենթարկվել մեծ թվով մտավորականներ:

Այս հոդվածով մեղադրանք էր ներկայացվել նաեւ աշխարհռչակ թուրք գրող Օրհան Փամուկին: Խոսքի ազատության հարցերով եւ լրագրողների իրավունքներով զբաղվող թուրքական BIA ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, Թուրքիայում 301 հոդվածով ներկայումս դատական գործեր են հարուցվել 29 լրագրողների եւ հրատարակիչների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG