Մատչելիության հղումներ

Պատգամավորները վիճարկում են կառավարության որոշումների օրինականությունը


Այսօր Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վարդան Մկրտչյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 27 պատգամավորների ստորագրությամբ մի փաստաթուղթ, որով ընդդիմադիրները փորձելու են վիճարկել հողատարածքների օտարման վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումների օրինականությունը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին միացել են նաեւ Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկրի», «Ժողպատգամավոր» խմբակցության եւ ՄԱԿ-ի մի քանի պատգամավորներ: Հայցադիմումը չեն ստորագրել Դաշնակցությունը եւ «Ազգային միաբանությունը»:

Մասնավորապես՝ Բուզանդի փողոցի բնակիչներին ստիպողաբար տներից հանելիս եւ բուլդոզերներով նրանց տները գետնին հավասարեցնելիս մեկ պատճառաբանություն էր բերվում՝ տարածքները ազատվում են պետական կարիքների համար:

Չնայած օտարման տակ հայտնվածների ցույցերին ու բողոքներին, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի զեկույցներին, որտեղ նույնպես խոսվում է կառավարության անօրինական որոշումների մասին, օտարողները պնդում էին, թե ամեն ինչ օրենքի համաձայն է արվում:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք, իր կարծիքով, Սահմանադրական դատարանը անօրինական կհամարի կառավարության որոշումները, Վարդան Մկրտչյանը ասաց. - «Ակնհայտ է, որ այդ օտարումները ուղեկցվել են Սահմանադրության խախտումերով, պարզապես դա պետք է դատարանում ապացուցել»:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ 1998 թվականի փետրվարին հենց Սահմանադրական դատարանն է որոշում կայացրել, համաձայն որի սեփականության եւ գույքի օտարման հետ կապված որեւէ որոշում՝ առանց համապատասխան օրենքի, կառավարությունը իրավունք չունի ընդունել, եւ նույնիսկ այդ մասին Սահմանադրական դատարանի նախագահը հարցազրուց է տվել:

Բուզանդի փողոցում ներկայումս բնակվող վերջին երկու ընտանիքները թերահավատ են, որ Սահմանադրական դատարան դիմելուց հետո ինչ որ բան կփոխվի. - «Նույնիսկ եթե դատարանը կառավարության որոշումներն անօրինական ճանաչի, մենք չենք հավատում, որ դատարանի վճիռը ի կատար կածվի՝ հաշվի առնելով, որ 1998 թվականին նման վճիռ արդեն կայացվել է»:

Բուզանդի փողոցի արդեն նախկին բնակիչները, այստեղ բնակվող վերջին երկու ընտանիքները նույնպես հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ համոզված են, որ «իրենց հույս այլեւս Ստրասբուրգն է»:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG