Մատչելիության հղումներ

Բուշի վարչակազմը հաջորդ տարի 25 միլիոնով պակաս օգնություն է առաջարկում Հայաստանին


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակարգը առաջարկել է 2007 թվականին Հայաստանին հատկացնել 50 միլիոն դոլարի օգնություն, ինչը 25 միլիոնով պակաս է, քան այս տարի:

Ամերիկայի հայկական համագումարը նաեւ հայտնում է, որ նախագահի վարչակազմը առաջարկել է Հայաստանին տրամադրել 3,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Ադրբեջանին՝ 4,5 միլիոն: Առաջարկվող բյուջեն նաեւ նախատեսում է 885 հազար դոլար տրամադրել Ադրբեջանին ռազմական կրթության եւ զորավարժանքի միջազգային ծրագրի շրջանակներում, մինչդեռ Հայաստանին՝ 790 հազար:

«Կրկնելով նախանցած տարվա փորձը, Բուշի վարչակազմը կրկին անհավասարակշիռ մոտեցում է որդեգրել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ», - փաստել է Հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը:

2005 թվականի համար ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին 6 միլիոն դոլարով ավելի ռազմական օգնություն հատկացնել, քան Հայաստանին, սակայն ամերիկահայ կազմակերպությունների ջանքերի շնորհիվ ի վերջո Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով ռազմական օգնություն տրամադրվեց՝ 8,75 միլիոն դոլար: Հավասարությունը պահպանվեց նաեւ 2006 թվականին:

«Հայաստանին առաջարկվող 50 միլիոնը անընդունելի է՝ մենք կաշխատենք մեր կոնգրեսական բարեկամների հետ», - ասել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

ԱՄՆ-ի հաջորդ տարվա բյուջեի Հայաստանին վերաբերող մասում նշված է, որ «Հայաստանը տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների առումով Եվրասիայի առաջատարներից է»: Միաժամանակ Բուշի վարչակազմը փաստում է, որ «սահմանադրական հանրաքվեի անցկացման ընթացքում ծագած պրոբլեմները ակնհայտ են դարձնում ժողովրդավարության հարցում օգնության անհրաժեշտությունը»: Փաստաթղթում նշված է, որ նման օգնությունը «կխթանի տարածաշրջնային հակամարտությունների կարգավորմանը նպաստող կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը, կնպաստի 2007 եւ 2008 թվականներին ազատ եւ արդար խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացմանը, կառավարության աշխատանքի թափանցիկությանը, անկախ մամուլի կայացմանը եւ աղքատության կրճատմանը՝ մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում բարեփոխումների իրականացման միջոցով»:

Բուշի վարչակազմի առաջարկած օգնության չափը դեռ քննարկվելու է ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատներում:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG