Մատչելիության հղումներ

Կոալիցիան «վճռական է»՝ շարունակելու համագործակցությունը


Կոալիցիոն երեք կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը երկուշաբթի օրը խորհրդարանում ստորագրել են հայտարարություն, որով հնչեցրել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համագործակցությունն առնվազն մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները:

«2005 թշվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքով իրականություն դարձավ քաղաքական կոալիցիայի ծրագրային գլխավոր նպատակներից մեկը: Միաժամանակ դա նոր հնարավորություններ ստեղծեց երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման, հետեւաբար նաեւ երկրի զարգացման համար: Մեծապես կարեւորելով հետագա բարեփոխումների նշանակությունը եւ արդյունավետությունը, քաղաքական կոալիցիայի կուսակցությունները վճռական են շարունակելու համագործակցությունն առնվազն մինչ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը ընկած ժամանակահատվածը՝ այն առավել արդյունավետ օգտագործելու այդ գործընթացի համար», -ասված է հայտարարությունում, որը ստորագրել են ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը եւ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, հայտարարությունը «ամրապնդում է, եւ դիրքերը հաջողությամբ ավարտին հասցնելու խնդիր ունի»:

«Պարզեցինք, որ մենք դեռեւս դերակատարում ունենք հանրաքվեից հետո՝ օրենսդրական աշխատանքում», - ավելացրեց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հարցին, թե արդյո՞ք կոալիցիան քանդման եզրին չի գտնվում եւ, ինչպես Գալուստ Սահակյանը արտահայտվեց՝ ամրապնդման կարիք ունի, պատասխանեց. - «Ոչ, իհարկե: Պարզապես ինչ-որ փուլ է անցել կոալիցիան. հուշագրի կարեւոր դրույթներից մեկը կատարված է [Սահմանադրության բարեփոխումը], եւ կոալիցիան հարկ է համարում իր հայտարարությամբ շեշտելու իր ապագա քայլերը: [Հայտարարության] Կարիքը կար, քանի որ, նախ, հասարակական հնչեղության համար է արված՝ շատ ասեկոսեներ եւ այլն պտտվում էին: Կարիք կար նաեւ մեր քաղաքական գործընկերներին, հասարակությանը տեղեկացնելու կոնկրետ նպատակադրումների մասին»:

Հայտարարության երկրորդ մասը, ըստ էության, քաղաքական պարկեշտության պահպանման կոչ է գործընկերներին, նաեւ մյուս՝ թե’ խորհրդարանական ու թե’ արտախորհրդարանական ուժերին. - «Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ նախընտրական լարվածությունները չխաթարեն երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործընթացները: Դրա երաշխիքը կարող է լինել համագործակցությունը, միմյանց եւ միմյանց դիրքորոշումների նկատմամբ փոխադարձ հարգանքը, պայմանավորվածությունների հստակ կատարումը եւ առկա հիմնախնդիրների քաղաքակիրթ քննարկումն ու լուծումը»:

«Վերջերս նմանատիպ մի պայմանավորվածություն քաղաքակրթության սահմանները չանցնելու վերաբերյալ կոալիցիան արդեն իսկ ձեռք էր բերել, սակայն հարկ եղավ այն ստորագրություններով ամրագրել», - նշեց Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով. - «Միշտ էլ պիտի ձգտել քաղաքական պարկեշտության, բայց երբեմն պիտի խոստովանենք, որ միշտ չէ, որ ստացվում է»:

Մինչդեռ «Օրինաց երկիր»-ի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով ամենահաճախն է հակադարձում Հանրապետականի՝ իր կուսակիցներին ուղղված քննադատությանը, արդեն հակահարվածների է պատրաստվում. - «Եթե լինի, որ պիտի առաջնորդվեն ցեխ շպրտելու փիլիսոփայությամբ՝ կրկնակի ցեխ կշպրտենք»:

Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը կարծում է, որ այն մարդը, ով կոալիցիոն կուսակցություններին այդպիսի բովանդակությամբ տեքստ ստորագրելու խորհուրդ է տվել, նրանց թշնամին է իրականում:

«Նշանակում է՝ մարդիկ անկիրթ են, անպարկեշտ են, դաստիարակված չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամյանը: - «Եթե կենցաղային լեզվի վերարտադրենք՝ դա նույնն է, որ մարդուն ասեն՝ ճաշելիս բաճկոնով քիթդ չսրբես, ականջդ չփորես, եւ միայն հուշագրի սարսափն է, որ վերջիններիս քաղաքակիրթ մարդկանց շարքը պետք է բերի եւ վերադարձնի: Ես գտնում եմ՝ դա թշնամական վերաբերմունք է հանդեպ մեր կոալիցիայի: Ցավում եմ, որ որեւէ մեկը իրենցից այդ ուղղությամբ եւ այդ տեսանկյունից չի մոտեցել հարցին»:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը հայտարարության վերաբերյալ այլ կարծիք էլ ունի. - «Երեւի որեւիցե մեկը փորձել է անկախ քաղաքականություն վարել, Ռոբերտ Քոչարյանը կանչել է եւ ասել է՝ կգնաք մի հատ էլ կստորագրեք: Ոնց որ էն ժամանակ հավաքեց, ստորագրել տվեց երեք քաղաքական ուժերին, նույնը՝ նաեւ այս անգամ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG