Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 4-ը փետրվարի)

Անհեթեթ համարելով կայացված որոշումը, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի զեկույցը ԱԺ-ում կներկայացնի նոր ընտրվելիք օմբուդսմենը՝ «Հայկական ժամանակ»-ը մանրամասնում է. - «Որոշման անհեթեթությունն այն է, որ նոր օմբուդսմենը ԱԺ-ում պետք է ընթերցի նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի զեկույցը, պատասխանի այդ զեկույցից բխող պատգամավորների հարցերին՝ անկախ նրանից համաձա՞յն է զեկույցում տրված գնահատականներին, թե՞ ոչ»:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ որոշվել է մշակույթի նախարարի պաշտոնում առաջադրել «Հայֆիլմ»-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը, այսօրվա թերթերը ներկայացնում են հիմնականում արձանագրելով փաստը: «168 ժամ»-ը նաեւ նշում է. - «Իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ ՕԵԿ-ը գտել է մշակույթի նախարարի իր հերթական զոհին»: Ըստ թերթի՝ Արթուր Բաղդասարյանը, իր կուսակից ընկերներին Գեւորգ Գեւորգյանի հետ ծանոթացրել է այն բանից հետո, երբ նրա անունն ուղարկել է նախագահական եւ ստացել է Ռոբերտ Քոչարյանի «դաբրոն»: Իսկ «Առավոտ»-ի հարցին, թե որն է լինելու նախարար Գեւորգյանի թիվ մեկ գործը այդ գերատեսչությունում, վերջինս պատասխանել է. - «Պետք է ամբողջ համակարգը մի լավ ուսումնասիրեմ, մի հատ ինվենտարիզացիա անեմ ու նոր ծրագիր ներկայացնեմ»:

«Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարները սվիններով ընդունեցին «խոշոր կապիտալի մուտքը մեծ քաղաքականություն», - պատկերում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ ընդգծելով. - «Իրականում, իհարկե, այդ մուտքը վաղուց էր տեղի ունեցել, բայց գործընթացը «լեգալացվեց» միայն այն բանից հետո, երբ խոշոր գործարարները որոշեցին ոչ թե «մուծվել» այս կամ այն կուսակցությանը, այլ սեփական կուսակցություններ ստեղծել»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը նշում է. - «Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական վերադասավորումները անխուսափելի են, ինչպես նաեւ՝ համատեքստում նոր ուժերի ի հայտ գալը... ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցելու բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց ի հայտ գալը պայմանավորված չի լինի որոշ խմբերի քաղաքական հավակնությունները ամեն գնով բավարարելու ցանկությամբ»:

«Հաճախ ասվում է, որ մենք մեր հարցը լուծել ենք ու վերջ՝ մնացածի մասին թող Ադրբեջանը մտածի: Սա ճիշտ ճանապարհ չէ: Հայաստանը չի կարող մեկուսանալ արտաքին աշխարհից: Ինքն իր համար լուծել Ղարաբաղի հարցը եւ դրանով ամեն ինչ վերջացած համարել», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: - «Հիմնախնդիրը կկարգավորվի միայն միջազգային ասպարեզում մեր դիրքերը ակտիվորեն պաշտպանելու ճանապարհով»:

Փաստելով, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը միայն երեկ որոշեց համապատասխան եզրակացություն ու հայեցակարգ ընդունել 2005-ի մարտի 29-30-ին խորհրդարանում տեղի ունեցած ԼՂՀ հիմնահարցի շուրջ լսումների վերաբերյալ՝ «168 ժամ»-ը ընդգծում է. - «Ուշագրավն այն է, որ այդ փաստաթղթում, ի տարբերություն նախկինում ընդունված ոչ «հայեցակարգ» կոչված փաստաթղթերի, որեւէ բառ չկա ազատագրված տարածքների վերադարձման անթույլատրելիության մասին... Մինչդեռ նախկինում նմանատիպ հայտարարություններում հստակ ընդգծվում էր «ոչ մի թիզ հող ադրբեջանցիներին» թեզը», - հիշեցնում է թերթը:

«Գոլոս Արմենիի»-ին, անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի հրաժարականին, նշում է. - «Անցել է 8 տարի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնուրույն, անկախ եւ ազատ պետություն է: Եվ այսօր նույնիսկ պատկերացնելու ցանկություն չկա, թե ինչպես կդասավորվեին Ղարաբաղի եւ Հայաստանի ճակատագրերը, եթե 8 տարի առաջ մենք ընդունեինք Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը եւ դառնայինք «լրջամիտ»... Ժամանակը արդարացնում է հրաժարականները»:

«Եթե մինչեւ հիմա Տեր-Պետրոսյանի հրաժարականը դիտարկվել է որպես իշխանությունը Քոչարյանին հանձնելու ակցիա, մենք ուզում ենք ընթերցողի քննարկմանը հանձնել բոլորովին ուրիշ վարկած», - երեկվա խմբագրականի թեման զարգացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իսկ գուցե դա հրաժարո՞ւմ էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ընդհուպ Վազգեն Սարգսյանի հետ միեւնույն քաղաքական թիմում գտնվելու հեռանկարից... Պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Տեր-Պետրոսյանը տեղավորվեր «միակ տղամարդու» կարգավիճակում, եւ այն, ինչ տեղի ունեցավ նրա հրաժարականից հետո, տեղի ունենար նրա իշխանության պայմաններում: Բոլոր ընդդիմադիրները, որ հանուն Հայաստանի ապագայի պիտի «տերպետրոսյանաքոչարյանասարգսյանական» իշխանությունը տապալեին, կծախվեին կամ կնվնվային այնպես, ինչպես այսօր են ծախվել կամ նվնվում»:

«Դատելով ամենից՝ կոմունիստներին բնորոշ անցյալի կարոտախտը համակել է նաեւ փետրվարի 3-ին իր հրաժարականի 8-ամյակը բոլորած նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին... Կոմունիստների նման սրանք էլ անցյալը դարձրել են քաղցր երազների աղբյուր, իսկ ապագան՝ այդ երազները անվերջ շարունակելու մազոխիստական հնարավորություն», - գրում է «Հայոց աշխարհ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG