Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի հարցի քննարկումը դեռ չի ավարտվել


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարող խորհրդի անդամները Վիեննայում դռնփակ նիստում շարունակում են քննարկել Իրանի միջուկային ծրագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելու հարցը:

35 երկրների ներկայացուցչների մասնակցությամբ այս խնդրի շուրջ քննարկումները սկսել են դեռ երեկ, եւ, ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, ներկայումս մշակվում է մի փաստաթղթի նախագիծ, որով կասկածի տակ է առնվում Իրանի` խաղաղ նպատակներով ուրանի հարստացման ծրագիրը եւ առաջարկվում է հարցը, այնուամենայնիվ, քննության առնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Փորձագետների գնահատականներով, կառավարող խորհրդի անդամները, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկեն այդ փաստաթղթին: «Մեծամասնությունը հավանություն է տալու», - «Ասոշիեյթեդ Փրես»-ին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Միացյալ Նահանգների ներկայացուցչը: Դիվանագիտական աղբյուրների համաձայն, առայժմ 35 անդամներից միայն երեքն են կտրականապես դեմ` Սիրիան, Կուբան եւ Վենեսուելան:

Մինչեւ վերջնական որոշման հրապարակումը, գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Lարիջանին իր գործընկերներին հասցեագրել է նոր նամակ, որտեղ կրկին կոչ է արել Արեւմուտքին խուսափել հապճեպ որոշումներից:

«Եթե գործակալությունը որոշի հարցը փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Իրանը ուրանի հարստացման համար կընտրի ավելի մեծ հողատարածք եւ կդադարեցնի համագործակցությունը միջազգային կառույցների հետ», - ասված է Իրանի գլխավոր բանագնացի նամակում:

Ի դեպ, նախկինում Իրանի կողմից հնչած այս հայտարարություններին այսօր ավելացել են նոր սպառնալիքներ. «Իրանը երբեւէ նավթը քաղաքական գործիք դարձնելու մտադրություն չի ունեցել, սակայն, ծայրահեղ դեպքում մենք ստիպված ենք հաշվի առնել նաեւ այդ հանգամանքը», - այսօր զգուշացրել է Իրանի նավթի նախարարը:

Ըստ էության, Իրանը մերժել է նաեւ միջուկային ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամից դուրս գալու՝ Ռուսաստանի առաջարկած տարբերակը. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստ է Իրանին միջուկային վառելիք տրամադրել եւ ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծել, որը կաշխատի Ռուսաստանի տարածքում: Միացյալ Նահանգներն ու եվրոպական եռյակը հավանություն էին տվել այս առաջարկին, մինչդեռ Իրանի նախագահը բացառել է նման հնարավորությունը:

«Դուք առաջարկում եք ուրանի հարստացմամբ զբաղվել Իրանից դուրս որեւէ երկրում, եւ դրանով իսկ ակնարկում եք, թե գործ ունեք միջնադարյան երկրի հետ», - Lավրովին ի պատասխան հայտարարել է Իրանի նախագահը:

Մահմուդ Ահմադինեջադը նաեւ Արեւմուտքին մեղադրել է
խտրական վերաբերմունքի մեջ. - «Նրանք ուշադրություն չեն դարձնում միջուկային Իսրայելի գոյությանը, որը գտնվում է անմիջականորեն Իրանի հարեւանությամբ, միեւնույն ժամանակ, առիթ են փնտրում խաղաղ տեխնոլոգիաներով զբաղվելու մեր փորձերին խոչընդոտելու համար: Մեր դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է: Իրանը գործում է միջազգային համաձայնագրերի հիման վրա, պաշտպանում է իր օրինական իրավունքները եւ չի պատրաստվում հրաժարվել դրանցից»:

«Մենք այլեւս կորցրել ենք վստահությունը Արեւմուտքի նկատմամբ, այնպես որ արեւմտյան երկրները այժմ պետք է քայլեր ձեռնարկեն` այդ վստահությունը վերանվաճելու համար», - հավելել է Մահմուդ Ահմադինեջադը:

Հատկանշական է, որ այս քննարկումներին զուգընթաց աշխարհում փոխվում է նաեւ մարդկանց վերաբերմունքը Իրանի նկատմամբ: BBC-ի անցկացրած վերջին հարցման տվյալներով, որին մասնակցել են 33 ազգերի մոտ 40 հազար ներկայացուցիչներ, Իրանը համարվել է երկրագնդի համար սպառնալիք ներկայացնող աշխարհի թիվ մեկ պետությունը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG