Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Էներգետիկ անվտանգության հարցում ոչ մեկից կախված չենք»


«Առաջիկա տարիներին Ադրբեջանը դառնալու է էներգակիրների կարեւոր աղբյուր ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար», - ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աստարայի շրջանում մոդուլային տիպի էլեկտրակայանի բացման արարողությանը:

«2005 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է 22 միլիոն տոննա նավթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հանրապետության համար: Վերջին անգամ համարյա նույնքան նավթ էր արդյունահանվել 1941 թվականին», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքերով, առաջիկա տարիներին Ադրբեջանում արդյունահանվելու է տարեկան 50-60 միլիոն տոննա նավթ: «Դա մեզ թույլ է տալիս էներգետիկ անվտանգության հարցում ոչ մեկից կախված չլինել», - հայտարարել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ շեշտել է, որ «տարածաշրջանում վերջին էներգետիկ ճգնաժամը եւ մի շարք պետությունների փորձը վկայում են, որ էներգետիկ կախվածությունը հղի է լուրջ տնտեսական, սոցիալական եւ նույնիսկ քաղաքական խնդիրներով»:

«Մենք հուսալիորեն կապահովենք սեփական էներգետիկ անվտանգությունը», - եզրափակել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG