Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Նախագահը սկզբունքային է լինելու երկրի եւ Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում»


Ադրբեջանի փոխարտգործնախարար, նախագահի հատուկ բանագնաց Արազ Ազիմովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փետրվարի 10-11-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշումը:

«Բանակցությունները Ֆրանսիայում շատ կարեւոր են, եւ Ադրբեջանի նախագահը սկզբունքային է լինելու երկրի եւ Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում», - ըստ «Ինտերֆաքս»-ի, Բաքվում կայացած ճեպազրույցում նշել է Ազիմովը:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հստակեցվել է Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, որը նախագահ Ալիեւը մտադիր է կրկին հնչեցնել փարիզյան հանդիպման ժամանակ:

«Մտավախություն չպետք է լինի: Հասարակությունը պետք է համոզված լինի, որ Ադրբեջանի նախագահը եւ բանակցություններին մասնակցող մյուս պաշտոնյաները առաջնորդվում են Սահմանադրությամբ», - հայտարարել է դիվանագետը: - «Ադրբեջանը կողմնակից է ինտեգրման, ոչ թե՝ անջատման, որը անտեղի ձգձգում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող հակամարտության կարգավորումը»:

«Եթե օկուպացիան շարունակվի, Ադրբեջանի համբերությունը անսահման չի լինի, եւ դրա հետ խաղալը Հայաստանի շահերից չի բխում», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Իսկ «Թրենդ»-ի փոխանցմամբ, անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, Արազ Ազիմովը նշել է, որ կողմերը այդ հարցը դեռ չեն քննարկել. - «Սկզբունքորեն, խաղաղապահների տեղակայումը կարող է տեւել 90 օր կամ 2 ամիս, իսկ կարող է եւ ձգձգվել: Այդ բոլոր հարցերը կարտացոլվեն վերջնական համաձայնագրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG