Մատչելիության հղումներ

logo-print

Գործարար պատգամավորների բացակայությունները «հարգելի» են համարվել


Ազգային ժողովի անցած՝ աշնանային նստաշրջանում խորհրդարանը 202 քվեարկություն է կազմակերպել, եւ 101-ին չներկայանալն արդեն անհարգելի է համարվում: Մի շարք գործարար պատգամավորների՝ 101-ից ավելի բացակայությունները, այդուհանդերձ, «հարգելի» են ճանաչվել:

Նիստերից պատգամավորների բացակայությունների հարցը պիտի քննարկի համապատասխան՝ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը: Սակայն նշված պատգամավորները հասցրել են տարաբնույթ տեղեկանքներ ներկայացնել:

Ազգային ժողովի նախագահին արտասահմանյան գործուղումների վերաբերյալ (սեփական բիզնեսի եւ ոչ թե խորհրդարանական գործերով) տեղեկանք է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը, ով ուներ փաստացի 171 բացակայություն: Արթուր Բաղդասարյանը հարկ է համարել դրանք բոլորն էլ հարգելի համարել:

Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ գործարար, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով ուներ 99 բացակայություն: Նա էլ «համաներում» է ստացել:

Նշված տեղեկանքները Ազգային ժողովի քարտուղարությունում հրաժարվեցին ցույց տալ «Ազատություն» ռադիոկայանին՝ նշելով, թե դրանք խորհրդարանի նախագահի աշխատակազմում են գտնվում: Աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, իր հերթին, ասաց, թե տեղեկանքները Ազգային ժողովի նախագահի մոտ են:

Ոչ խորհրդարանական գործուղումների տեղեկանքները հրաժարվեցին ներկայացնել հաշվապահությունում՝ ասելով, որ Հայկ Քոթանյանն անձամբ արգելել է դրանք ցույց տալ լրագրողներին:

Մեծ թվով բացակայություններ ունի նաեւ գործարար Հրանտ Վարդանյանի որդին՝ Միքայել Վարդանյանը. նա 113 անգամ բացակայել է քվեարկություններից, սակայն ներկայացրել մի տեղեկանք, որում նշվում է, թե իրենց ընկերությունը Աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ է նախաձեռնել, ուստի ինքը զբաղված է եղել կազմակերպչական գործունեությամբ: Դա եւս խորհրդարանի ղեկավարը հարգելի է համարել:

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 145 բացակայություններից 112-ը հարգելի են համարվել այն տեղեկանքի հիման վրա, թե նա Միացյալ Նահանգներում գործուղման մեջ է գտնվել:

Ալվարդ Պետրոսյանը եւս իր 110 բացակայություններից 21-ը հիմնավորել է Հայ օգնության միությունում իր գործունեությամբ:

Բացակայողների շարքը շարունակում են «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը, ում 157 բացակայություններից 58-ը հարգելի է համարվել, Գագիկ Ծառուկյանի ազգական՝ «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր Մուրադ Գուլոյանը, ում 122 բացակայություններից 40-ն են հարգելի համարվել: Սակայն վերջին երկու պատգամավորների դեպքում չհաջողվեց ճշտել, թե ինչի հիման վրա են բացակայությունները հարգելի համարվել, քանի որ կադրերի բաժին նրանք որեւէ բացատրություն չէին ներկայացրել:

Գործարար պատգամավորների մեկ այլ խումբ էլ կա, որ ընդհանրապես չի երեւում խորհրդարանում, բայց նրանց փոխարեն քվեարկում են: Նախորդ նստաշրջանին խորհրդարանում համարյա չհայտնված Մոսկվայում «Հայկական ավիաուղիներ»-ի նախկին ներկայացուցիչ Արտյուշա Սիմոնյանի, ալյուրի իր բիզնեսով հայտնի Լեւոն Սարգսյանի, «Լուսակերտ» ընկերության սեփականատեր Հարություն Փամբուկյանի, շաքարավազի բիզնեսը տնօրինող Սամվել Ալեքսանյանի բացակայությունները սահմանված 101-ից չեն անցնում: Ուստի նրանք անգամ տեղեկանք ներկայացնելու խնդիր չունեն:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով, ուրիշի փոխարեն քվեարկելն իրենք չեն կարող վերահսկել, քանի որ քվեարկության ընդհանուր համակարգ գոյություն ունի եւ դրա առանձին կոճակները բացակաների համար չեն անջատվում:

Ընդդիմադիրներ պատգամավորները, այսպիսով, իրենց անհարգելի բացակայություններով կրկին միայնակ են հայտնվել, բայց այս անգամ ոչ ամբողջական կազմով: Բացակայողների «սեւ ցուցակում» հայտնվել են «Ազգային միաբանություն»-ից եւ «Արդարություն» դաշինքից խորհրդարանում ներկայացված 24 պատգամավորներից 16-ը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG