Մատչելիության հղումներ

Գնացեք Ծաղկաձոր եւ վե’րջ


Ծաղկաձորցի Արթուրը վարձույթով սահնակներ է առաջարկում՝ 1 ժամը 1000 դրամ: Ասում է, որ Ծաղկաձորյան բոլոր սպորտաձեւերից սահնակով սահելն ամենահեշտն ու անվտանգն է: «Սնուոբորդով էլ են սահում, մոտորասահնակով էլ, դահուկով էլ: Սահնակը անվտանգ է, եթե շատ արագ չեն սահում: Եթե ինքնակառավարումը կորցնում են, վնասվածքներ են ստանում: Մեկը ոտքն է ջարդում, մեկը՝ թեւը», - ասում է նա:

Էժան ու որակյալ հանգստի ակնկալիքով Ռուսաստանից Ծաղկաձոր էր ժամանել հանգստացողների մի խումբ: Այստեղ էին իրենց հայ ընկերոջ հրավերով. գոհ էին ու զարմացած Հայաստանի պայմաններով: «Ամեն բան շատ լավ է», - ասաց ռուսաստանցիներից մեկը: - «Ոչ ոք ոչ մեկի չի խանգարում, եւ կարեւորը՝ բոլորը սթափ են, ի տարբերություն Ռուսաստանի»:

Հանգստացողների խոսքով՝ գները նախորդ տարվա համեմատ քիչ են փոխվել: Թանկացել են ճոպանուղու 2-րդ եւ 3-րդ մակարդակների տոմսերը՝ 1000 դրամ: Ճոպանուղու տնօրեն Գեղամ Խաչատրյանը սա բացատրեց ստացվող քիչ եկամուտով: «Անցած տարի էլ ենք վնասով աշխատել, այս տարի նորից նույնը թույլ տալ չէինք կարող: Նայեք, դատարկ բարձրանում է ճոպանուղին», - ասաց նա:

Տնօրենի խոսքով, այս տարի դահուկորդների համար առանձին ճանապարհ է կառուցվել, խստացվել են ավտանգության միջոցները, գործում են ողջ օրվա համար նախատեսված աբոնեմենտներ՝ 6000 դրամով: Նա հերքեց խոսակցությունները, թե Ռոբերտ Քոչարյանի՝ Ծաղկաձորում հանգստանալու օրերին հատուկ պայմաններ են ստեղծվել. - «Նախագահը բոլորի հետ նույն դահուկային ճանապարհով սահում է, ու բոլորի հետ բարձրանում է նույն ճոպանուղով»:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG