Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Սթիվեն Մաննին (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), ովքեր Բաքվից ժամանել են Երեւան:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այսօր համանախագահները հանդիպել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, «քննարկվել է բանակցային ներկա վիճակը, փարիզյան հանդիպման հետ կապված որոշ մանրամասներ, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել կարգավորման հեռանկարների շուրջ»:

«Մենք շարունակում ենք լավատես մնալ», - հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, որ Բաքուն երբեք չի համաձայնի Ղարաբաղի անջատման հետ եւ չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունից, Մերզլյակովը ասաց. - «Այդ խոսքերը մեզ չեն հասցեագրված, մենք նման բան չենք լսել եւ չենք կարող մեկնաբանել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG