Մատչելիության հղումներ

Արմեն Մինասյան. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Ադրբեջան»


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Ադրբեջան եւ հանդիպել այդ երկրի հավաքականի հետ:

«Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության վիճակահանությունից անմիջապես հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավաստիացրեց ադրբեջանցի գործընկերներին, որ հայկական կողմը պատրաստ է երաշխավորել անվտանգությունը, պատշաճ կերպով ընդունել հյուրերին եւ կազմակերպել ՈւԵՖԱ-ի կանոնակարգի բոլոր նորմերին համապատասխան հանդիպում», - «Ռեգնում»-ին ասել է Մինասյանը եւ ավելացրել. - «Ադրբեջանի կողմից նման երաշխիքների դեպքում, Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջինը մեկնել Բաքու»:

Մինասյանը նաեւ նշել է, որ ՀՖՖ-ն ներկայումս չի քննարկում չեզոք դաշտում խաղեր անցկացնելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժետությունը. - «Եթե լինեն կոնկրետ պաշտոնական առաջարկներ այդ հարցով, ՀՖՖ-ն դրանք անպայման կքննարկի»:

Նախօրեին ՈւԵՖԱ-ի խոսնակ Ուիլյամ Գալասը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները իրենք պետք է պայմանավորվեն, թե որտեղ անցկացնել 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերը, իսկ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների խաղերն անցկացնել Թբիլիսիում:

Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները վիճակահանության արդյունքում հայտնվել են նույն «Ա» խմբում: «Ա» խմբում հանդիպումների անցկացման ժամանակացույցը հաստատվելու է փետրվարի 10-ին Բելգիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG