Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ում լիազորությունները դադարեցվել էին անցած ամիս, պատրաստվում է հրապարակել իր տարեկան զեկույցը 2005 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած գործունեության վերաբերյալ:

Լարիսա Ալավերդյանը, ով ներկայումս իրավունք չունի մտնել իր նախկին աշխատասենյակը, այնուամենայնիվ, շարունակել է աշխատել իր տանը՝ համախոհների եւ նախկին աշխատակիցների օգնությամբ, վերջին խմբագրական ուղղումներն է կատարել եւ հրապարակման է պատրաստել զեկույցը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը այսօր նամակ է ուղարկել Ազգային ժողով, որով առաջարկում է սկսվող նստաշրջանի առաջին նիստում, մինչեւ Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը, հնարավորություն ընձեռնել առաջին պաշտպանին ներկայացնել անցած տարվա զեկույցը:

«Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի, մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկայացնի զեկույց իր գործունեության մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ զեկույցը չհրապարակվելու դեպքում 2005 թվականը դուրս կմնա Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նորաստեղծ պատմությունից: - «Օրենքը ինձ պարտադրում է ներկայացնել այդ զեկույցը, եւ ես դա անելու եմ»:

Ալավերդյանը ասաց նաեւ, որ գալիք երկուշաբթի խորհրդարանի պատգամավորներին, կառավարությանն եւ երկրի նախագահին կուղարկի զեկույցի թարմացված տարբերակը, որտեղ ներառված է նաեւ առաջին պաշտպանի ոտնահարված իրավունքների մասին շարադրանքը:

Նախագահ Քոչարյանի՝ հունվարի 4-ի հրամանագրով, Մարդու իրավունքների առաջին պաշտպանի՝ Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, ստեղծվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնող ժամանակավոր հանձնաժողով: Ալավերդյանը, հակասահմանադրական համարելով այդ հրամանագիրը, դիմել Սահմանադրական դատարան: Վերջինս, սակայն, մերժել էր հայցը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG