Մատչելիության հղումներ

Իրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ խողովակաշարի կառուցմամբ


Թեհրանում երեքշաբթի օրը մեկնարկած հայ-իրանական առեւտրատեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարին հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ խողովակաշարի կառուցմամբ:

Այսօր նիստի արդյունքներով Դավուդ Դանեշ-Ջաֆարին եւ միջկառավարական հանձնաժողովի հայաստանցի համանախագահ, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը ստորագրելու են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ համաձայնության հուշագիր:

«Իրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության շուտափույթ ավարտմամբ եւ հատուկ սարքավորումների մոնտաժով, եւ հույս ունի, որ գազամուղը շահագործման կհանձնվի 2007 թվականի հունվարին: Թեհրանը եւ Երեւանը շահագրգռված են նաեւ գազային ՋԷԿ-ի, բարձր լարման էլեկտրագծերի եւ էլեկտրական ենթակայանի, ինչպես նաեւ Նուրդուզում սահմանային տրանսպորտային տերմինալի կառուցման ծրագրերով», - ըստ ԻՐՆԱ գործակալության, ասել է իրանցի նախարարը՝ նշելով, թե ծրագրերը իրականացվելու են հայ եւ իրանական ընկերությունների համատեղ ջանքերով:

Դավուդ Դանեշ-Ջաֆարի խոսքերով, Իրանը շահագրգռված է եւ կաջակցի, որ Հայաստանը միանա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական համաձայնագրին:

Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարը անդրադարձել է նաեւ մի շարք իրանական բանկերի եւ ընկերությունների ու հայկական գործընկերների միջեւ ծագած խնդերին՝ խնդրելով հայկական կողմի աջակցությունը դրանք լուծելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG