Մատչելիության հղումներ

Վաֆա Գուլուզադե. «Կողմերի դիրքորոշումները չեն փոխվել»


Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանեց Բաքու: «Համանախագահները գալիս են՝ նախաձեռնություններով եւ տարբեր առաջարկներով», - այս առթիվ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, բանագնացների նպատակն է մինչեւ Ռամբույեում կայանալիք հանդիպումը ծանոթանալ երկու նախագահների դիրքորոշումներին եւ որքան հնարավոր է՝ մոտեցնել դրանք:

Երեքշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը «Ազատություն» ռադիոկայանի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների հարցազրույցում համոզմունք էր հայտնել, թե 2006 թվականը կարող է դառնալ ղարաբաղյան համաձայնագրի տարի:

Այդ լավատեսությունը, սակայն, ամենեւին չի կիսում երկար տարիներ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

«Համանախագահները ընդամենը հաջողության իմիտացիա են ստեղծում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քաղաքագետը: - «Այդ բոլոր ձեւակերպումները ինձ խորապես զարմացնում են: Ասում են, թե այս տարի ընտրություններ չկան, կամ թե՝ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, համաձայնություն ձեռք կբերվի: Սակայն որեւէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն խոսում, ընդամենը փորձում են լավատեսական մթնոլորտ ձեւավորել: Իսկ այդ փորձերը որեւէ արդյունք չեն կարող տալ»:

«Հստակ է մեկ բան՝ կողմերի դիրքորոշումները չեն փոխվել. Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, թե մտադիր չեն փոխզիջման գնալ: Նույնն են մնացել նաեւ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետաքրքրությունները. այս պայմաններում որեւէ լուծում ակնկալելն անիմաստ է», - կարծում է Գուլուզադեն:

«Ինքս մասնակցել եմ բանակցություններին: Ինձ ստիպում էին ասել, թե դրանց ընթացքը գաղտնի է, որպեսզի ժողովրդից թաքցնեինք, որ ոչ մի արդյունքի չենք հասել, որ դիրքորոշումները արմատապես տարբերվում են: Բանակցողներին ձեռնտու էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե իբր ինչ-որ առաջընթաց կա», - ասաց Վաֆա Գուլուզադեն եւ ավելացրեց. - «Ինքս եղել եմ այդ խաղի մասնակիցներից մեկը, եւ կարող եմ ասել, որ այժմ բացարձակապես ոչինչ չի փոխվել, կողմերի դիրքորոշումները նույնն են մնացել»:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջիկա բանակցություններին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե «որեւէ փոխզիջման չեն գնալու եւ հանդիպման ընթացքում օգտագործելու են զանազան փաստարկներ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG