Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի»-ին՝ նշելով, որ այսօր հավանաբար կկայացվի դատարանի վճիռը Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության նախկին ղեկավար, գեներալ Աբոիմովի նկատմամբ, անցնում է ներկայիս ղեկավար գեներալ Բոնդարեւին. - «Մամուլի ասուլիսում գեներալ Բոնդարեւը առույգ թվախեղդ էր անում, որտեղ չկային, օրինակ, սպանության դեպքերը, ինքասպանությունները, զորամասերից փախուստի դեպքերը, տարբեր պատճառներով հարուցված քրեական գործերը»: «Ամեն դեպքում», - խորացնում է թերթը, - «ռուսական սահմանապահ ծառայության ղեկավարը ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ, որ նա գտնվում է այլ պետության տարածքում, որտեղ նա հյուր է եւ ոչ թե տեր: Կամ էլ, երեւի, գեներալը մտածում է, թե ոչ մեկը չգիտի նրա ունիվերսալ միջոցառումների մասին, այսպես կոչված, սահմանապահ տնակում, որը, մասնավորապես, նախատեսված է Թուրքիայի սահմանապահների ներկայացուցիչների հետ բանակցությունների համար»: «Իսկ գուցե գեներալը հենվում է մոսկովյան տանիքի աջակցության վրա, եւ դրա համար էլ վստահ է իր անպատժելության վրա», - լայնացնում է «Գոլոս Արմենիի»-ն՝ պատահական չհամարելով, որ համարյա ամեն ամիս օդանավով Մոսկվա են ուղարկվում 15-17 տարողունակ արկղեր` «հայկական կոնյակներով, մրգերով ու նույնիսկ դեռ գոլ խեցգետիներով»:

«Ակնհայտորեն ռուսական կողմից կազմակերպված գազային բլոկադայի ընթացքում Հայաստանի աշխարհքաղաքական նշանակությանը նոր եւ անդառնալի հարված հասցվեց: Վերջին 35 տարում առաջին անգամ Իրանը երեկ սկսել է գազ մատակարարել Վրաստանին», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Մատակարարման այս ուղու գործարկումը եվրոպացիներին պիտի ստիպի մտածել իրանից գազ ներմուծելու «հայկական տարբերակի» աննպատակահարմարության մասին»:

«Չորրորդ իշխանության» հայացքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ավելի շուտ «համընդհանուր զորահավաք է հիշեցնում». - «Այնպիսի տպավորություն է, թե առաջիկայում քաղաքական ուժերի միջեւ վճռական ճակատամարտ է տեղի ունենալու եւ ներկայումս հակառակորդ ճամբարները զբաղված են ուժերի համախմբմամբ եւ դիրքերի ամրապնդմամբ»:

Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ապագա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանակցությունները Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ արդեն տեղի են ունեցել: «Բանակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չընդգրկվի, այնուամենայնիվ, կցուցաբերի ռեսուրսային աջակցություն, որպեսզի նորաստեղծ իշխանամետ կուսակցությունները չկարողանան պակասեցնել ՀՀԿ-ի ընտրազանգվածը», - գրում է «Իրավունք»-ը:

«Առավոտ»-ի տեղեկություններով, անցած շաբաթավերջին ՀՀԿ-ն իր ակտիվի շատ նեղ շրջանակներում քննարկել է խորհրդարանական ընտրություններին պատշաճ նախապատրաստվելու հարցը. - «ՀՀԿ-ն սկսել է ձեւավորել իր համամասնական ցուցակը, որտեղ դարձյալ ընդգրկված է լինելու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը»: «Մեր աղբյուրի ասելով», - շարունակում է թերթը, - «քննարկվել է նաեւ ապագա խորհրդարանում կոալիցիոն մյուս կուսակցությունների ներկայացված լինելու հարցը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին բաժին է հանել ապագա ԱԺ-ի 10 տոկոսը, «Օրինաց երկիր»-ին ընդհանրապես դուրս է մղել խորհրդարանից: Քննարկվել է նաեւ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր համագործակցության հարցը»:

«Ընդունված է կարծել, որ մեր օլիգարխները քաղաքականություն են մտնում ոչ թե լավ կյանքից, այլ՝ որ պաշտպանեն իրենց կապիտալը իշխանության փոփոխության եւ սեփականությունը վերաբաժանելու դեպքում», - գրում է «Գոլոս Արմենիի»-ին՝ նկատելով. - «Իհարկե, դրանից քաղաքականությունը ավելի լավը չի դառնա: Ներկայումս խորհրդարանում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների առկայությունը դրա ակնհայտ վկայությունն է»:


«Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքում շատ ուժեր կձգտեն իբրեւ ընդդիմություն հանդես գալ, բայց որ նորաստեղծ քաղաքական ուժերը կարողանան լուսանցք մղել ներկայիս ընդդիմությանը` ուղղակի անհավանական է», - «Հայոց աշխարհ»-ում ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Որքան էլ ուժեղ ֆինանսավորում ու կառույցներ ունենաս, մեկ տարում այդպիսի ծավալի խնդիր լուծելը որեւէ կուսակցության համար ուղղակի անհնարին է»:

«Երբ մեղքը փորձում են բարդել ընդդիմության վրա` ասելով, որ տեղի ունեցան մեծ թվով կեղծիքներ, քանի որ հանձնաժողովներում ընդդիմության ներկայցուցիչները ընդգրկված չէին, նշանակում է` իշխանության ներկայացուցիչները խոստովանում են, որ իրենք գող են», - «Առավոտ»-ում մեղադրում է «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: - «Այսինքն՝ գործում է «Մենք գող ենք, եթե կարող եք՝ մեզ բռնեք» տրամաբանությունը. սա է, ուրիշ տրամաբանություն չեմ տեսնում»:

Անդրադառանալով խմբակցությունից որոշ անդամների հեռանալու խոսակցություններին՝ Դեմիրճյանն ասում է. - «Եթե ոմանք կողմնորոշման խնդիր ունեն, ճիշտ կանեն արագ կողմորոշվեն»:

«Նախորդ տարեվերջին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սենսացիոն բացահայտում է կատարվել. ցմահ դատապարտվածների խցերից մեկում կատաված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից դուրս է բերվել ավելի քան 60 հատ նրբասղոց, հայտնաբերվել են նաեւ սպիրտ, ինքնաշեն գինեթուրմ, ավազ, ցեմենտ, գաջ, մետաղյա լարեր, ինքնաշեն պարան», - տեղեկացնում է «168 ժամ»-ը:

Ընկերական շրջանակից «Ազգ»-ը երեկ տեղեկացել է, որ հանրապետության նախագահի խորհրդականներից մեկը վերջերս այցելում եւ մանրամասն ուսումնասիրում է Հանրային հեռուստատեսության կառուցվածքն ու տեխնիկական եւ այլ տվյալները: Առայժմ պարզ չէ, թե ո՞րն է այդ հետաքրքրության նպատակը, սակայն պաշտոնափոխությունների ներկայիս մթնոլորտում կարելի է հետեւություններ անել, որ Հանրային հեռուստատեսությունը բացառություն չէ:

«Ուրբաթ օրը ՀՀ նախագահի հետ Ծաղկաձորում դահուկներ էին քշում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ ավանդույթի համաձայն ողջ հունվար ամիսը արձակուրդում գտնվող Երեւանի կենտրոն համայնքի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը», - տեղեկացում է «Իրավունք»-ը՝ լրացնելով. - «Ծաղկաձորում այս օրերին կարելի է հանդիպել ամենատարբեր մակարդակի չինովնիկների ու գործարարների եւ, դատելով այդ բազմաշերտ ներկայությունից, կարելի է ենթադրել, որ ընդհանրապես շատ հարցեր իրենց լավագույն լուծումները այժմ արդեն ստանում են դահուկներ քշելիս»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG