Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը դիմելու է տարեկան ուղերձով


Այսօր, երբ Երեւանում արդեն ուշ գիշեր կլինի, Վաշինգտոնում տարեկան ուղերձով ամերիկյան ժողովրդին է դիմելու Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

Ուղերձը, ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ, ամենադժվար եւ վիճահարույցն է լինելու երկրի 43-րդ նախագահի պաշտոնավարման ողջ ընթացքում: Նախորդ տարիներին նախագահ Բուշը կարող էր մատնանշել իր վարչակազմի հաջողությունները, առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում:

Անցած տարի Ջորջ Բուշը հիշատակում էր ե’ւ Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխությունը», ե’ւ Պաղեստինի ղեկավարի ընտրությունները, ե’ւ Աֆղանստանում առաջին անգամ անցկացված ուղղակի նախագահական ընտրությունները: 2005 թվականի ամփոփումը, սակայն, հազիվ թե նախորդների պես դրական ու լավատեսական լինի:

Gallup Poll News-ի՝ օրերս անցկացրած հարցումը վկայում է, որ գրեթե բոլոր կենսական հարցերի պարագայում շարքային ամերիկացիները դժգոհ են իրենց նախագահի գործունեությունից: Եթե 2005-ի փետրվարին ահաբեկչության դեմ պայքարի գործում Բուշի որդեգրած քաղաքականությանը հավանություն էր տալիս ամերիկացիների 57 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 52 տոկոս: Բուշի տնտեսական քաղաքականությունը նախորդ տարի ստացել էր ամերիկացիների 50 տոկոսի, իսկ այս տարի՝ ընդամենը 39 տոկոսի աջակցությունը: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների բնակիչների 65 տոկոսը դժգոհ է երկրում ստեղծված կացությունից:

Անցած 12 ամիսները ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի համար, իրոք, շատ ծանր էին: Իրաքում կոալիցիոն ուժերը չեն կարողանում վճռական հաջողության հասնել, Մերձավոր Արեւելքի ժողովրդավարացման ամերիկյան ջանքերի արդյունքում իշխանության են գալիս ծայրահեղականները, ինչպես մի քանի օր առաջ՝ Պաղեստինում: Բուն Միացյալ Նահանգներում անցած տարվա գլխավոր իրադարձությունը Կատրինա փոթորիկն էր, որին Բուշի վարչակազմը չկարողացավ համարժեքորեն արձագանքել:

Այս ամենը, բնականաբար, իր արտացոլումը կգտնի նախագահ Բուշի այսօրվա ուղերձում, որի տեքստը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, փոխվել է ավելի քան 20 անգամ: Քանի՞ անգամ կընդհատվի Բուշի ուղերձը ծափահարություններով՝ կիմանանք վաղը: Իսկ առայժմ չգերազանցված է մնում 2002 թվականի ռեկորդը, երբ Ջորջ Բուշի 45-րոպեանոց ճառը ծափողջույններով ընդհատվեց 77 անգամ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG