Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան ռուսաստանյան գազը կհասնի Հայաստան


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, երբ Վրաստանի գազահամակարգում ճնշումը գերազանցի Հայաստանի գազահամակարգում առկա ճնշմանը, Կողբի գազաչափման հանգույցում կբացվեն փականներն ու գազը մտնի Հայաստան: Դա տեղի կունենա մոտավորապես երեկոյան ժամը 8-9-ի սահմաններում:

Վաղը, հավանաբար, Հայաստանը դուրս կգա գազի խնայողական ռեժիմից: Արդեն մոտ 9 օր երկրի գազամատակարարումը ապահովվել է պահեստավորված գազի հաշվին: Գազամատակարարումը վերականգնվելուց հետո՝ մեկ-երկու օրվա ընթացքում, անհրաժեշտ պահանջարկը բավարարելուն զուգահեռ կկատարվի գազի պահեստավորում եւ, նունպես 1-2 օրվա ընթացքում, կվերսկսվի Հրազդանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում 80- 90 միլիոն խորանարդ մետր գազ է պահեստավորվում՝ դա հնարավոր առավելագույն ծավալն է: Մինչդեռ այդ կայանի նախագծային հզորությունները թույլ են տալիս պահեստավորել 200-210 միլիոն խորանարդ մետր գազ: Առկա 19 հորերից 8-ը գտնվում են վթարային վիճակում, եւ բավականին լուրջ ներդրումներ են անհրաժեշտ գազապահեստ-կայանը վերականգնելու համար:

Շուշան Սարդարյանի փոխանցմամբ, «Հայռուսգազարդ»-ը նախատեսում է իրականացնել նման ներդրումային ծրագիր, որի արժեքը կազմում է 25-30 միլիոն ԱՄՆ դոլար:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG