Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր կվերականգնվի Հայաստանի գազամատակարարումը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Հայռուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, մեկշաբաթյա դադարից հետո, այսօր վերջապես Հայաստան մուտք կգործի ռուսական երկնագույն վառելիքը:

Սա նշանակում է, որ երկուշաբթի, ամենայն հավանականությամբ, կեսօրից հետո հայաստանցիները գազի խնայողական ռեժիմից կարող են անցնել ոչ խնայողականի:

«Երկուշաբթի օրը ռուսական գազը կհասնի Հայաստան, Հրազդանի ՋԷԿ-ը կաշխատի նորմալ ռեժիմով եւ կվերականգնվի Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան», - ըստ «Ինտերֆաքս»-ի, կիրակի օրը լրագրողներին հայտնել էր Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Մինչ Հայաստանը սպասում է ռուսական գազին, հարեւան Վրաստանը, որտեղ, գազամատակարարումը արդեն վերականգնվել է, այսօր արդեն սպասում է իրանական գազին: Վրաստանը Ադրբեջանի տարածքով Իրանից օրական մոտ 2 միլիոն խորանարդ մետր գազ կստանա:

Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վթարից հետո է'լ ավելի սրվեցին ռուս-վրացական հարաբերությունները: Մասնավորապես, Թբիլիսիի քաղաքապետի կարգադրությամբ շաբաթ օրը դադարեցվել էր Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան գազամատակարարումը: Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել էր, թե «Ռուսաստանի դեսպանատունը կարող է իր համար ջեռուցման այլընտրանքային միջոցներ գտնել»:

Դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը Վրաստանին զգուշացրեց, որ իրենք էլ համապատասխան միջոցների կդիմեն եւ կանջատեն Ռուսաստանում Վրաստանի դեսպանատան էլեկտրամատակարարումը: Գազային այս պատերազմը ավարտվեց նրանով, որ զգուշացումից հետո Վրաստանը վերականգնեց Ռուսաստանի դեսպանատան գազամատակարարումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG