Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Մենք արտադրելու են զենքի բոլոր տեսակները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ անցած տարվա դեկտեմբերի 16-ի հրամանագրով ստեղծվող պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, ինչպես Ռուսաստանում լույս տեսնող «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» պարբերականում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, արտադրելու է «զենքի բոլոր տեսակները»:

«Նախարարության ստեղծումը շատ լավ է երկրի համար եւ կհանգեցնի դրական արդյունքների», - ասել է նա: - «Մենք արտադրելու են ադրբեջանական բանակին անհրաժեշտ զենքի բոլոր տեսակները»:

Նոր նախարարությունը ձեւավորվելու է Հատուկ մեքենաշինության եւ կոնվերսիայի պետական կոմիտեի բազայի վրա: Կառավարությունը պետք է նախապատրաստի եւ երկրի ղեկավարին ներկայացնի առաջարկությունների նախարարության կանոնադրության եւ կառուցվածքի մասին:

Որոշ ադրբեջանցի քաղաքագետներ վաղուց էին պնդում, թե պատերազմի վերսկսկման վտանգի առջեւ կանգնած երկրին պաշտպանական արդյունաբերության նախարարություն պարզապես անհրաժեշտ է: Այսօր Ադրբեջանի զինված ուժերի պահանջմունքները բավարարվում են հիմնականում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշվին:

Փորձագետներից շատերը այս նախարարության ստեղծումը կապում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին նախապատրաստվելու հետ: Սրա հետ, սակայն, համաձայն չէ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը: Նրա կարծիքով, Արդբեջանը ընդամենը ջանում է ստեղծել ռազմական գործողությունները վերսկսելու պատրանք:

«Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանը ուզում է ցույց տալ իր ուժերն ու հնարավորությունները», - ասել է Յունուսը՝ հավելելով, որ, ստեղծելով պաշտպանական արդյունաբերության նախարարություն՝ Ադրբեջանն ուզում է բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու հավելյալ լծակներ ստանալ:

«Դրանով Ադրբեջանն ուզում է ցուցադրել ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ սեփական հայտարարությունների ծանրակշռությունը», - կարծում է ադրբեջանցի փորձագետը: - «Պարզ է, որ ղարաբաղյան համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո (եթե, իհարկե, դա տեղի ունենա), պաշտպանական արդյունաբերության նախարարությունը կվերածվի անպետք կառույցի ու կլուծարվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG