Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատի թիվ 320 բանաձեւի կողմնակիցների թիվը հասավ 22-ի


Միացյալ Նահանգների սենատորներ Փոլ Սարբենսը եւ Սյուզան Քոլինզը միացել են Սենատի թիվ 320 բանաձեւի կողմնակիցներին՝ դառնալով Հայոց Ցեղասպանության բանաձեւի տակ իրենց ստորագրությունը դրած 21-րդ եւ 22-֊րդ օրենսդիրները։

Բանաձեւը, որն առաջին անգամ անցյալ տարվա նոյեմբեր ամսին ներկայացրին սենատոր Ջոն Ինսայնը եւ Սենատի փոքրամասնության ղեկավարի օգնական Ուիփ Ռիչարդ Դարբինը, կոչ է անում երկրի նախագահին՝ «վստահեցնել, որ Հայոց Ցեղասպանության փաստի նկատմամբ Միացյալ Նահանգներն ունի համապատասխան արտաքին քաղաքականություն»։ Այն նաեւ կոչ է անում նախագահին ամենամյա իր ուղերձի ժամանակ «մեկ եւ կես միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջումը ճշգրտորեն բնորոշել որպես ցեղասպանություն»։

Ինչպես Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենների խորհրդի փոխնախագահ Աննի Թոթահն է հիշեցնում, սենատոր Սարբենսը հայկական հարցի պաշտպանության հայտնի դեպքերից է։

«Մենք մեծապես գնահատում ենք այս գործում նրա աջակցությունը եւ հայտնում մեր երախտագիտությունը՝ պատմական ճշմարտությունը հաստատելու գործում նրա աներկբա ու շարունակական ջանքերի համար», - ասել է Թոթահը։

Կոնգրեսում պաշտոնավարման տարիներին սենատոր Սարբենսն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Ամերիկայի հայկական համայնքին վերաբերող հարցերում։ Նա օգնել է, որ Հայաստանի ու ԱՄՆ֊-ի միջեւ հաստատվեն առեւտրական մշտական հարաբերություններ, պայքարել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Սենատոր Սարբենսը ջանք չի խնայել թիվ 907 բանաձեւն ուժի մեջ պահելու ուղղությամբ։

Սենատոր Քոլինզը, իր հերթին, միացել է Հայոց Ցեղասպանության նախկին՝ թիվ 164 բանաձեւը ներկայացրած օրենսդիրներին, կոչ արել նախագահին ապրիլի 24֊-ի նախագահական ուղերձում պատշաճ կերպով ճանաչել այդ հանցագործությունը։

Սենատի թիվ 320 բանաձեւը համապատասխանում է 2005 թվականի հունիս ամսին կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի եւ Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրանկ Փալոնի կազմած Ներկայացուցիչների տան թիվ 316 բանաձեւին, որն այսօր ունի 144 աջակից։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG