Մատչելիության հղումներ

Թուրքիան Միացյալ Նահանգների հետ կոնսուլտացիաներ է անցկացնում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ


Թուրքիայի անվտանգության ազգային ծառայության գլխավոր քարտուղար Մեհմեդ Իգիտ Ալպդողանը ասել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ կոնսուլտացիաներ է անցկացնում Միացյալ Նահանգների կառավարության հետ Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ:

Թուրք պաշտոնյան «հայերի ոչ կառուցողական դիրքորոշում» է որակել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի թեկնածությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղարար գործընթացի մասնակցի:

Չորեքշաբթի օրը ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ համատեղ ասուլիսում Վարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ բոլոր դեպքերում հայկական կողմի համար անընդունելի է թուրք խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում:

Ալպդողանը նաեւ ասել է, թե Թուրքիայի կառավարությունը «հնարավոր չի համարում» դիտարկել Երեւանի առաջարկությունը Ղարս - Գյումրի երկաթուղով անվճար տեղափոխել Վրաստանի եւ Թուրքիայի բեռները՝ փաստարկելով, թե այն բանից հետո, երբ «Հայաստանը մերժեց Թուրքիայի առաջարկը այսպես կոչված ցեղասպանության փաստն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, այդ երկրի ցանկացած առաջարկ անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG