Մատչելիության հղումներ

Ռուսները հետագայում կարող են հրաժարվել Գաբալայի կայանից


Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է կառուցել ռադիոլոկացիոն նոր կայան:

«Դա մեր ազգային անվտանգության խնդիրն է, եթե մենք դա չծրագրեինք՝ կոպեկի արժեք կունենայինք», - Մոսկվայում ասել է նախարարը, ով օրերս այցելել է Բաքու եւ Երեւան ու երեկ գիշերն է Հայաստանից վերադարձել Ռուսաստանում:

Հունվարի 25-ին Իվանովը Ադրբեջանում այցելել է Գաբալայի կայան, գովեստով է խոսել այդ կարեւոր կառույցի աշխատանքի մասին: Խորհրդային տարիներին կառուցված եւ 1985 թվականին մարտական հերթապահությունը սկսած կայանը հնարավորություն է տալիս հսկայական հատվածում իրականացնել միջմայրցամաքային հրթիռների արձակումների եւ տիեզերական օբյեկտների մոնիտորինգ:

Ռուսաստանն այժմ վարձում է Գաբալայի կայանը: Վարձակալության ժամկետը կավարտվի 2012 թվականին, կայանի տեխնիկական ռեսուրսն էլ նախատեսված է մինչեւ այդ տարի: Հունվարի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ասել է, որ Բաքուն վարձակալության պայմանագիրը փոխելու մտադրություն չունի: Արդյո՞ք այն կերկարաձգվի 2012-ից հետո: Ադրբեջանական կողմը հստակ պատասխան չի տվել: «Կապրենք մինչեւ 2012 թվականը, կտեսնենք, ժամանակը ցույց կտա», - ասել է Աբիեւը:

Մինչդեռ, ըստ «Նովոստի» գործակալության, Իվանովը Մոսկվայում ասել է, թե հիմա տեխնիկայի զարգացումը թույլ է տալիս կառուցել «ավելի էժան եւ կոմպակտ կայան», որը չի լինի Գաբալայի կայանի նման հսկայական կառույց: «Մենք ի զորու ենք մոտ ապագայում լրագրողներին մի այդպիսի բան ցույց տալ», - Մոսկվայում ասել է Իվանովը:

Նա չի նշել, թե կոնկրետ երբ եւ որտեղ են ռուսները մտադիր նոր ռադիոլոկացիոն կայան կառուցել, սակայն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը ոչ միայն հետազոտական, այլեւ շինարարական աշխատանքներ է իրականացնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG