Մատչելիության հղումներ

logo-print
Ոսկու արդյունահանությամբ զբաղվող ամերիկյան GGC ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնելու է իր գործունեությունը Հայաստանում՝ վերամշակելով ու արտահանելով տեղի մինչ այժմ չբացված ուրանի պաշարները:

Կոնեկտիկուտ նահանգում տեղակայված Global Gold Corporation (GGC) ընկերությունը չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզում ձեռք է բերել մեծ հողատարածք, որը, երկրաբանների կարծիքով, հարուստ է ուրանի ու ոսկու հանքանյութով: Ընկերությանը, ըստ երեւույթին, առաջին հերթին հետաքրքրում են որպես միջուկային վառելիք օգտագործվող ռադիոակտիվ մետաղի պաշարները:

GGC-ն գնել է Հայաստանում գրանցված Athelea Investments ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: Միացյալ Նահանգների եւ Ավստրալիայի մի խումբ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող Athelea Investments-ը բացառիկ իրավունքներ ունի Գետիկ գետի շրջակա 27 քառակուսի կիլոմետր լեռնային տարածքում:

Նշված տարածքը 1970-ական թվականներին հետազոտվել է խորհրդային մասնագետների կողմից: «Հետազոտությունները հանգել են եզրակացության, որ տարածքը հեռանկարային է ռադիոակտիվ տարրերի՝ ներառյալ ուրանի պաշարների առումով», - ասված է GGC-ի տարածած հայտարարության մեջ:

GGC-ի երեւանյան աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, ընկերությունը մինչեւ արդյունահանումը սկսելը շարունակելու է հետազոտությունները՝ համոզվելու նպատակով, որ այդտեղ իրոք կան ոսկու եւ ուրանի պաշարներ: Հետազոտությունները կտեւեն երեք տարի: Նրանք փոխանցեցին նաեւ, որ ուրանի հանքանյութը, ամենայն հավանականությամբ, կհարստացվի Հայաստանում, այնուհետեւ կձուլվի Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում:

Նախկին ԽՍՀՄ-ում Հայաստանը գունավոր մետալուրգիայի խոշոր կենտրոն էր եւ մինչեւ այժմ խոշոր քանակներով պղինձ եւ ոսկի է արտահանում: Ուրանի պաշարները, սակայն, մինչեւ այժմ չեն մշակվել:

Ամերիկյան ընկերությունը Հայաստանում արդեն շահագործում է ոսկու մի քանի փոքր հանքավայրեր: Դրանցից մեկը գնվել է 3,5 մլն դոլարով անցած օգոստոսին:

GGC-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը Վար Գրիգորյանն է, ով նախկինում Ամերիկայի հայկական համագումարի նախագահն էր եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամներից մեկը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG