Մատչելիության հղումներ

Դե Գուխտը եւ Լավրովը քննարկել են նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը


Ռուսաստանի մայրաքաղաքում ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկված հարցերի շրջանակում է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Կարել դե Գուխտը Սերգեյ Լավրովին պատմել է Հայաստանում եւ Ադրբեջանում իր ունեցած հանդիպումների մասին: Ռուսաստանի արտգործնախարարը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի ջանքերը ուղիներ գտնել լուծելու հակամարտությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ինչպես պարզվում է Կարել դե Գուխտի Բաքվում կատարած հայտարարություններից, թե’ Ադրբեջանում եւ թե’ Հայաստանում հակամարտության լուծումն առաջ տանելու ցանկություն կա: Այնուհանդերձ, կողմերը դեռեւս տարբեր դիրքորոշումներ ունեն «տարածքային հարցում»: Թե ինչ տարածքների մասին է խոսքը, դե Գուխտը չի մանրամասնում:

Բաքվում նա հայտարարել էր. - «Եթե նախագահները համաձայնության գան, ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնելու նրանց խաղաղապահ ուժերի մանդատ շնորհելու, տարածաշրջանը վերականգնելու հարցերում: Նաեւ՝ լուծելու մնացած խնդիրները, ինչպես, օրինակ, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների հարցը: Բայց մինչեւ ԵԱՀԿ-ն սկսի այս ամենն իրագործել, կարեւոր է, որ մենք Ռամբույեում ճեղքում ունենանք: Եվ ես հուսով եմ, որ դա կկատարվի»:

Կարել դե Գուխտի խոսքերով, ճեղքում կարելի է համարել «այն իրավիճակը, երբ երկու կողմերի գործող զորքերը փոխարինվեն խաղաղապահ ուժերով, ինչը թույլ կտա լուծել գոյություն ունեցող խնդիրները»: Վերջիններս, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, «ամեն դեպքում, կշարունակեն մնալ Ռամբույեի բանակցություններից հետո»:

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը փետրվարի 10-11-ին հանդիպելու են Փարիզից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ռամբույե դղյակում, որտեղ Ֆրանսիայի նախագահը սովորաբար կարեւոր հանդիպումներ է անցկացնում աշխարհի ղեկավարների հետ:

1999 թվականին Ռամբույե դղյակում տեղի է ունեցել Կոսովոյի խաղաղության միջազգային կոնֆերանսը: Այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները տապալվեցին, ինչին հետեւեցին ՆԱՏՕ-ի օդային հարձակումները նախկին Հարավսլավիայում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG