Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը:

Հինգշաբթի վաղ առավոտյան Սերգեյ Իվանովը մեկնել է Ծաղկաձոր, որտեղ նրան ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում փոխգործակցության մակարդակի եւ որակի առումով:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը: Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձել է Ֆրանսիայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը:

Ծաղկաձորից Սերգեյ Իվանովը տեսչական այցով մեկնել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը տեղում կծանոթանա զինծառայողների կենցաղին եւ խնդիրներին: Օրակարգում է նաեւ Վրաստանից ռուսական զինտեխնիկան Գյումրիի 102-րդ ռազմակայան տեղափոխելու հարցը:

Այսօր Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նախատեսված է նաեւ Իվանովի հանդիպումը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG