Մատչելիության հղումներ

Երեկ Բրյուսելում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար չափազանց կարեւոր է Եվրոպական միության հետ «Նոր հարեւաններ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին ստորագրվելիք «Գործողության ծրագիրը»:

Բեժուաշվիլին ասել է, որ Թբիլիսին Եվրոպայից օգնություն է սպասում այսօր առավել հրատապ երկու հարցում՝ չկարգավորված հակամարտությունների եւ էներգակիրների մատակարարման:

«Հարավային 0սիայի եւ Աբխազիայի այսպես կոչված սառեցված հակամարտությունները սպառնում են Վրաստանի գոյությանը, զսպում են մեր երկրի դեմոկրատական եւ տնտեսական զարգացումը», - ասել է նախարարը:

Բեժուաշվիլու համոզմամբ, Ռուսաստանն է խոչընդոտում հակամարտությունների կարգավորումը: Վրաստանը խնդրում է Եվրոպական միությանն ակտիվ զբաղվել այդ հարցերով եւ, մասնավորապես, միանալ հարավօսական հակամարտության կարգավորմամբ զբաղվող համատեղ հանձնաժողովին, որին այժմ անդամակցում են Վրաստանը, Ռուսաստանը, Հարավային եւ Հյուսիսային 0սիան: Նախարարի պնդմամբ՝ ներկայիս հանձնաժողովը «խիստ կողմնակալ է»:

Վրաստանի արտգործնախարարը առաջարկել է ընդարձակել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի լիազորությունները:

Գելա Բեժուաշվիլին նաեւ ասել է, թե Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները պետք է միասնական լինեն՝ էներգակիրների հարցում կախվածությունը վերացնելու համար. - «Ռուսաստանը դարձել է մոնոպոլիստ, որն ամեն անգամ գազը օգտագործում է որպես քաղաքական ճնշում բանեցնելու միջոց»:

Վրաստանը Եվրամիությանը կոչ է անում միջոցներ հատկացնել եւ կառուցել Կենտրոնական Ասիան ու Եվրոպան կապող նավթատար եւ գազատար խողովակաշարեր, որոնք կանցնեն Կովկասի տարածքով, սակայն կշրջանցեն Ռուսաստանը: Վերլուծաբանները նշում են, որ տեսականորեն քննարկվող այդ նախնական ծրագրում Հայաստանի մասնակցությունը չի նախատեսվում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG