Մատչելիության հղումներ

Փորձագետները վնասված նոր հատված են հայտնաբերել կիրակի օրը պայթեցված Մոզդոկ-Թբիլիսի խողովակաշարում, որով բնական գազ է մատակարարվում Վրաստան եւ Հայաստան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին «Գազպրոմ» ընկերությունից հայտնել են, որ գազատարի վնասված 9-մետրանոց խողովակի վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչեւ ուրբաթ:

«Չնայած եղանակային բարդ պայմաններին եւ աշխատանքների լարված տեմպին, մասնագետները հնարավոր ամեն ինչ անում են գազատարի շուտափույթ վերականգնման, Վրաստան եւ Հայաստան գազի մատակարարումը վերսկսելու ուղղությամբ», - նշել է Հյուսիսային Օսիայի կառավարության ղեկավար Ալեքսանդր Մերկուլովը:

Իսկ «Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանի էներգետիկ համակարգում անցած գիշեր տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով համարյա ամբողջությամբ հոսանքազրկվել է երկրի մայրաքաղաքը:

«Թբիլիսին համարյա ամբողջությամբ հոսանքազրկված է, էլեկտրաէներգիայի պակասը կազմում է 250 մեգավատտ: Հոսանք են ստանում միայն կենսապահովման օբյեկտները», - հինգշաբթի օրը լրագրողներին ասել է «Թելասի» ընկերության ներկայացուցիչ Վալերի Պանծուլայան՝ նշելով, որ վթարի վերացման համար կպահանջվի առնվազն մեկ օր:

Մինչդեռ, ըստ Վրաստանի էներգետիկայի նախարարության, տեխնիկական պատճառներով զգալիորեն կրճատվել է Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումը :

Վրաստանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է ընդհատել այցը Դավոս, ուր նա մասնակցում է համաշխահային բիզնես համաժողովին, եւ վերադառնալ Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG