Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին թռչնագրիպի դեմ պայքարում


Թռչնագրիպի հարցերով զբաղվող ԱՄՆ-ի կառավարության պատվիրակության ղեկավար, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էն Դերսեն չորեքշաբթի օրը Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատանը հրավիրված ասուլիսում հնչեցրեց ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցել Հայաստանի կառավարությանը թռչնագրիպի մարտահրավերին դիմակայելու գործում:

Տարածաշրջան ժամանած փորձագետների թիմի 11 անդամները հիմնականում բժիշկներ, անասնաբույժներ ու համաճարակաբաններ են: Ասուլիսում նրանք մի քանի անգամ շեշտեցին, որ վիրուսը չի ճանաչում քաղաքական եւ աշխարհագրական սահմաններ, ուստիեւ թռչնագրիպի դեմ պայքարը գլոբալ խնդիր է եւ առնչվում է բոլորին:

Պատվիրակությունը այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների ներկայացուցիչների հետ, եւ, Էն Դերսեի փոխանցմամբ, իրենք ուրախությամբ արձանագրել են, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցության՝ թռչնագրիպի դեմ գլոբալ պայքարի շրջանակներում:

«Հայաստանում, որքան ես հասկանում եմ, դեռ թռչնագրիպի դեպքեր չեն հայտնաբերվել, բայց կարեւոր է, որ մենք ակտիվորեն հետեւենք իրավիճակին, եւ պատրաստվենք արձագանքելու՝ եթե դրանք հայտնաբերվեն», - ասաց նա: - «Լավագույն պաշտպանությունը նախապատրաստական աշխատանքներն են, ակտիվ հետազոտությունները, հայտնաբերման աշխատանքները, արագ արձագանքումը»:

Հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի կառավարությունը, ըստ մասնագետների, պատրաստ դիմակայելու թռչնագրիպի մարտահրավերներին եւ ինչո՞վ է պատրաստ օգնել Հայաստանին ԱՄՆ-ի կառավարությունը, հնչեց հետեւյալ պատասխանը. - «Հայաստանի կառավարությունը արդեն ուսումնասիրում եւ ներկայացնում է, թե ինչի կարիք ունի արագ արձագանքելու համար, եւ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել»:

Այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքում կձեռնարկվեն որոշ քայլեր. հավանաբար առաջիկա 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ը Հայաստան կուղարկի 1500 փաթեթ՝ պաշտպանական արտահագուստով: Արագ արձագանքման համար կարեւոր խնդիր է թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որի վրա այժմ, ըստ ամերիկացի փորձագետների, աշխատում է Հայաստանի կառավարությունը: Առաջիկայում ԱՄՆ-ը նաեւ փորձագետ կուղարկի այդ ազգային ծրագիրը ուսումնասիրելու նպատակով:

ԱՄՆ-ը նաեւ պատրաստակամ է վիրուսի հայտնաբերման համար Հայաստանին որոշ անհրաժեշտ նյութեր տրամադրելու հարցում: Այս առիթով հարց հնչեց, թե արդյո՞ք ի վիճակի է այսօր Հայաստանը ինքնուրույն հայտնաբերել վիրուսը: «Մենք դեռ չենք այցելել կենդանիների համար նախատեսված լաբորատորիաներ, բայց առողջապահության նախարարությունում հանդիպման ժամանակ ներկա էր մի լաբորատորիայի ներկայացուցիչ, որն ասաց, որ իրենք հնարավորություն ունեն բացահայտելու H5N1 վիրուսը», - պատասխանեց առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Ռեյ Արթուրը:

Ամերիկացի փորձագետները ասացին նաեւ, որ առայժմ առիթ չկա եզրակացնելու, թե վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, բայց նաեւ զգուշացրեցին, որ այն կարող է փոփոխվել ցանկացած պահի:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG