Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի երկօրյա այցը Բաքու, որը պետք է մեկնարկեր այսօր, հետաձգվել է:

«Այցը հետաձգվել է վատ եղանակի պատճառով», - «Թրենդ»-ին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունից՝ նշելով, որ այցի նոր ժամկետը կճշտվի ավելի ուշ:

Նախատեսվում է, որ Բաքվում Թուրքիայի նախագահը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի հակամարտության կարգավորմանը, էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում են լինելու Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի եւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու ծրագրերի իրագործումը:

Ենթադրվում է նաեւ, որ Ահմեդ Նեջեթ Սեզերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկելու է «Շահ-Դենիզ» գազի հանքավայրի արագացված շահագործման խնդիրը եւ Միջկասպյան գազատարի կառուցման գաղափարի վերակենդանացման հարցը՝ դեպի Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպա թուրքմենական գազի մատակարարման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG