Մատչելիության հղումներ

Դավոսում սկսվում է ամենամյա տնտեսական համաժողովը


Այսօր Դավոսում բացվում է ամենամյա տնտեսական համաժողովը: Բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովելու համար շվեյցարական իշխանությունները ծախսել են 8,5 միլիոն ֆրանկ: Ավանը, որտեղ հավաքվում են տասնյակ պետությունների եւ հարյուրավոր ընկերությունների ղեկավարներ, այժմ նմանվում է անառիկ ամրոցի:

Դավոսի ֆորումի մասնակիցների նկատմամբ ահաբեկչական գործողություն ծրագրելու մասին ինֆորմացիա չկա, հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք այս տարի էլ հակագլոբալիստները կփորձեն հրահրել արդեն ավանդական դարձած անկարգությունները, այնուամենայնիվ Շվեյցարիայի անվտանգության ծառայությունները պատրաստ են բոլոր միջոցներով ապահովել Դավոսի համաժողովի անդորրը:

Ենթադրվում է, որ այս տարվա ֆորումին կմասնակցեն ավելի քան տասը երկրների նախագահներ կամ վարչապետեր, 60 երկրների կառավարությունների անդամներ, ազդեցիկ ընկերությունների եւ բանկերի 735 բարձրաստիճան ղեկավարներ: Ըստ վերլուծաբանների, այս տարվա համաժողովի օրակարգում հիմնական թեմաներից մեկը կլինի էներգակիրների գինը:

Համաժողովը կտեւի 5 օր: Ալպյան գեղատեսիլ շրջանում գտնվող Դավոսում անդրանիկ ֆորումը գումարվել է 35 տարի առաջ: Նախաձեռնողը՝ շվեյցարացի գործարար, տնտեսագիտության պրոֆեսոր Կլաուս Շվաբն է: Այս տարվա ժողովը, հավանաբար, կդառնա ամենախոշորը՝ ընդհանուր հաշվով գրանցվել է 2340 մասնակից, ոչ միայն պետական այրեր կամ ընկերությունների բարձրաստիճան մենեջերներ, այլեւ անվանի հասարակական, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, գիտնականներ: Համաժողովը լուսաբանելու է շուրջ 500 լրագրող:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG