Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Դանիլովիչը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդին առաջարկել է վավերացնել հայաստանյան ծրագիրը


Դեռ անցած տարվա դեկտեմբերի 19-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը հաստատել էր Հայաստանի համար նախատեսված գրեթե 236 միլիոն դոլարի հնգամյա ծրագիրը եւ միաժամանակ մտահոգություն էր հայտնել նոյեմբերյան սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած օրինախախտումների առնչությամբ:

Կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչը հատուկ նամակով դիմել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ձեռնարկել լրացուցիչ միջոցներ, որոնք կվկայեն ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ սկզբունքներին համապատասխանելու մասին: Կորպորացիան կոչ էր արել ապացուցել, որ Հայաստանում կապահովվի «տնտեսական ազատություն եւ արդար կառավարում»:

Հայաստանի նախագահին հասցեագրած՝ դեկտեմբերի 16-ի նամակում Դանիլովիչը նշել է, որ դրամաշնորհի հաստատումը վկայում է հայ ժողովրդին սատարելու, զարգացման եղանակով աղքատությունը հաղթահարելու խնդրում Հայաստանին օգնելու ԱՄՆ ցանկության մասին: Միաժամանակ նշվել է, որ ծրագրի հաստատման հետաձգումն ուղղակիորեն կապված էր նոյեմբերյան քվեարկության հետ, որի ընթացքում տեղ են գտել ընտրակեղծիքներ, անբարյացկամ վերաբերմունք ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, անհավասարություն մամուլի միջոցով տեսակետներ արտահայտելու հարցում եւ այլ օրինազանցություններ:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարն այդ նամակում ընդգծել է «արդար կառավարում» պահանջի վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալու կարեւորությունը՝ նշելով, որ այլապես ծրագիրը կարող է սառեցվել կամ չեղյալ հայտարարվել, ինչի հնարավորության մասին կորպորացիան հայտնել էր դեռ անցյալ տարվա սեպտեմբերին:

Կառավարությունը պարտավոր է հավաստիացնել, որ ապահովում է քաղաքական ազատ բանավեճի, բողոքի օրինական ակցիաների կազմակերպման եւ անկախ մամուլից ինֆորմացիա ստանալու մարդկանց իրավունքները: Կորպորացիան պահանջել է հետաքննել հանրաքվեի ընթացքում տեղ գտած օրինախախտումները եւ պատասխանատվության կանչել մեղավորներին:

Կորպորացիան իշխանություններին կոչ է արել՝ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ եւ ապահովել 2007-ի խորհրդարանական ու 2008-ի նախագահական ազատ, թափանցիկ, արդար, դեմոկրատական ընտրություններ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ կորպորացիան Հայաստանի կողմից ստացել է հավաստիացումներ առ այն, որ իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը:

Անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին ու քննարկել է նոյեմբերի 27-ի հանրաքվեի խնդիրը եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագիրը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, իսկ արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը՝ այս տարվա հունվարի 12-ին պաշտոնական ուղերձներով պատասխանել են Ջոն Դանիլովիչին: Վերջինս հունվարի 18-ին շնորհակալություն է հայտնել նախագահին եւ նախարարին:

Դանիլովիչը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանություններից ստացել է հավաստիացումներ դեմոկրատական բարեփոխումները շարունակելու եւ արդար կառավարում ապահովելու առումով: Նա գովեստով նշել է, որ նախարարի նամակում ընդունվում է հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած բացասական երեւույթների փաստը:

«Մենք անկեղծորեն ափսոսում ենք, որ հանրաքվեն, որի արդյունքը պետք է ծառայեր մեր ժողովրդին, ստվեր է գցել ընտրական գործընթացի վրա», - ասվում է արտգործնախարար Վարդան Օսկանյանի նամակում, որում նախարարը նաեւ նշել է ընտրական հանձնաժողովներից ընդդիմության անդամների դուրս գալու բացասական ազդեցության հանգամանքը. - «Բոյկոտելով հանրաքվեն, ընդդիմությունը նպաստել է մոնիտորինգի համակարգի փլուզմանը»:

Դանիլովիչը գոհունակությամբ նշել է կառավարության հավաստիացումը օրինախախտումները եւ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ուսունմասիրելու, ինչպես նաեւ ընտրությունների նախապատրաստման, իրականացման ու մոնիտորինգի հարցում դրսից օգնություն ստանալու պատրաստակամության մասին:

Ջոն Դանիլովիչը միաժամանակ ընդգծել է,որ կորպորացիան շարունակելու է հետեւել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ հատկապես ուշադիր է լինելու արդար կառամարման մասին ստացած հավաստիացման իրականացման նկատմամբ: Նա հունվարի 18-ի ուղերձում ընդգծել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի պահանջներից էական շեղումների պարագայում ծրագիրը կարող է սառեցվել կամ չեղյալ հայտարարվել նույնիսկ եթե դրա իրականացումն արդեն սկսվել է:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի պաշտոնական ինտերնետային կայքում հունվարի 23-ին հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Ջոն Դանիլովիչը կորպորացիայի տնօրենների խորհրդին առաջարկել է վավերացնել հայաստանյան ծրագիրը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG