Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«70-ականների ոճով բացվեց «Խորհրդային Հայաստանի» մշակույթի «դեկադան» Մոսկվայում», - հեգնեւմ է «Առավոտ»-ը, որի հայացքով՝ «թե’ Հայաստանի եւ թե’ Ռուսաստանի քաղաքական մթնոլորտը շատ մոտ է բրեժնեւյան լճացման շրջանին՝ փակ հասարակարգերին հատուկ պաշտոնական կեղծ օպտիմիզմով եւ ստվարաթղթային «ամպիր» ոճով»:

«Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղի կարգավորման խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարարը փոխզիջումների մասին ասում է. - «Ես համոզված եմ, որ մարդկանց մեծ մասը գիտի, որ տարածքները վերադարձնելու գաղափարը սրտովս չէ, բայց մարդիկ պետք է հասկանան, որ խաղաղությունը թանկ արժե: Անհրաժեշտ է բանակցությունների գնալ, իսկ հայկական փոխզիջումը ավարտվում է այնտեղ, որտեղ ուժի մեջ է մտնում հետեւյալ աքսիոման՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ: Այս սահմագծից ավելին փոխզիջում չի կարող լինել»: Թերթի հարցազրույցում հայտնելով, թե առաջիկա 20-25 օրվա ընթացքում կկողմնորոշվի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցում՝ պաշտպանության նախարարը անդրադառնում է նաեւ օլիգարխների կողմից ստեղծվող կուսակցություններին. - «Այդ երեւույթում որեւէ հատուկ եւ բացասական բան չեմ տեսնում, եւ բոլոր ժամանակներում քաղաքականության մեջ փողը քիչ դեր չի խաղացել: Միայն թե նախաձեռնողները, որոնք նոր կուսակցություններ են ստեղծում, իրենց անհաջողության համար հետո ուրիշներին չմեղադրեն»: Սերժ Սարգսյանը հարցազրույցում անդրադառնում է նաեւ ռուսական գազի գնի թանկացման, Ռուսաստանի հետ Հայաստանի գործընկերությունը շարունակելու նպատակահարմարության խնդիրներին. - «Տվյալ խնդիրը զուտ տնտեսական չէ. տնտեսականից բացի, այստեղ առկա է վստահության խնդիրը: Ասվածը վերաբերում է ոչ միայն վստահությանը, այլեւ նրան, ինչի մասին հրապարակավ ասելը ընդունված չէ»: «Չեմ թաքցնում», - խոստովանում է պաշտպանության նախարարը, - «որ ներկայիս իրավիճակը բորբոքել է հանրությանը եւ շատ հարցեր է առաջացրել: Բայց ես գտնում եմ, որ հեռու չէ այն ժամը, երբ այդ հարցերին կտրվեն պատասխաններ»:

«Դժվար է միանշանակ ասել, թե գազատարի պայթեցումը որքանով է կապված գազի գնի շուրջ Մոսկվայում տեղի ունեցող հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման հետ: Այնուհանդերձ դրանց համընկնելը հազիվ թե կարելի է պատահականություն համարել», - գրում է «Հայոց աշխարհ»-ը:

«Ազգ»-ում, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը չի՞ վերակողմնորոշվի դեպի Իրան՝ որպես գազի հիմնական մատակարարի, ռուսաստաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը պատասխանում է. - «Հայաստանն այսօր չի կարող վերակողմնորոշվել դեպի Իրանը, քանի որ կառուցվող Իրան - Հայաստան գազամուղը գործելու է միայն 2007 թվականին, այսինքն՝ դեռ պետք է ապրել ավելի քան 2 տարի»: Կարծիք հայտնելով, թե ռուսական կողմը հնարավորություն կգտնի հայկական կողմին փոխհատուցելու գազի գնի տարբերությունը՝ Միհրանյանը նշում է. - «Ամեն տարի ԱՄՆ-ի Կոնգրեսը Հայաստանին անհատույց օգնություն է հատկացնում 70-100 միլիոն դոլարի չափով: Եվ եթե Ռուսաստանն ուզում է պահպանել ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանում իր ներկայությունը, ռազմակայանները, ազդեցությունը, ապա գազի գնի տարբերությունը կարող է փոխհատուցել հենց պետության, եւ ոչ թե «Գազպրոմ»-ի միջոցներով»:

Ըստ «Իրավունք»-ի մեկնաբանի, թեեւ Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հերքում է ռուսական լրատվամիջոցների պնդումները, որ իրանական գազամուղի 45 տոկոսանոց փաթեթը գազի գները չբարձրացնելու դիմաց տրվելու է Ռուսաստանին, այնուամենայնիվ, պետք է ակնհայտ համարել Մոսկվայի ձգտումը Հայաստանի էներգետիկ բոլոր օբյեկտները պահել իր հսկողության տակ՝ որպես «հավատարմության» երաշխիք: «Առավոտ»-ի մեկնաբանը եւս, գրելով, թե, այսպես թե այնպես, նախագահի մամլո քարտուղարը հերքել է իրանական գազատարի հետ կապված գործարքի հնարավորությունը, այնուամենայնիվ զգուշացնում է. - «Հիշենք, սակայն, որ բաշխիչ ցանցերը Չուբայսին հանձնելու լուրերը նույնպես համառորեն հերքում էին»:

«Պետք է արձանագրել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ: Բայց այսօր մենք ստեղծված իրավիճակի համար Հայաստանի իշխանություններից բացի որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունենք», - մատնանշում է «Չորրորդ իշխանություն»-ը:

«Մինչ միջազգային առողջապահական կազմակերպություններն ահազանգում են թռչնի հետ անմիջական շփումների վտանգների եւ հնարավոր հետեւանքների, հետեւապես` նման շփումները նվազագույնի հասցնելու հրամայականի մասին, Երեւանում այսօր կենդանի վիճակում կարելի է ցանկացած տեսակի թռչուն գնել առաջին պատահած շուկայում», - փաստում է «Հայոց աշխարհ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG