Մատչելիության հղումներ

Մոզդոկ - Թբիլիսի գազատարի վերանորոգման աշխատանքները հետաձգվել են


Հարավային Կովկասը սնող Մոզդոկ-Թբիլիսի պայթեցված գազատարի վերականգնողման աշխատանքները Հյուսիսային Օսիայում երկուշաբթի երեկոյան դադարեցվել էին գազի կոնդենսատի արտահոսքի պատճառով:

«Գազատար խողովակի զոդման աշխատանքների վերսկսման դեպքում կարող է պայթյուն տեղի ունենալ, արտահոսքը դեռ չի դադարել: Այդ պատճառով բանվորները ներկայումս տեղափոխվել են անվտանգ վայր», - ըստ «Ֆրասնպրես»-ի, հայտարարել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Վլադիմիր Իվանովը:

Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ ամերիկյան պաշտոնյաները միջամտել են եւ փորձել կարգավորել կիրակի վաղ առավոտյան Հյուսիսային Օսիայում Հարավային Կովկասը սնող Մոզդոկ-Թբիլիսի գազատարի պայթեցման հետեւանքով Վրաստանում եւ Հայաստանում ստեղծված գազի ճգնաժամը:

«Մենք խոսել ենք Վրաստան ու Հայաստան մտնող ռուսական գազատարին առնչվող կողմերի հետ՝ հորդորելով նաեւ հետաքննել կիրակի օրվա պայթեցման դեպքերը», - ըստ «Ֆրանսպրես»-ի, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմաքը՝ ավելացնելով. - «Եղել են բազմաթիվ հեռախոսազրույցներ»:

Պայթյունը առիթ էր հանդիսացել, որպեսզի Վրաստանը Ռուսաստանին մեղադրի «էներգետիկ սաբոտաժի» մեջ:

«Անկախ պայթյունի հետեւանքներից, կարեւորն այն է, որ Վրաստանի եւ Հայաստանի հարեւանները համախմբվել են՝ ճգնաժամի ժամանակ հարեւաններին օգնության ձեռք մեկնելու», - հայտարարել է ՄըքՔորմաքը: - «Եվ դրանում մենք դեր ենք խաղացել»:

Պետքարտուղարության խոսնակը նաեւ նշել է, թե ներկայումս պայթյունի (որը ռուսական կողմը բնորոշել է որպես ահաբեկչական գործողություն) պատճառների մասին տեղեկություններ չկան. - «Մենք քաջալերել ենք Ռուսաստանի իշխանություններին՝ զբաղվել այդ հարցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG