Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընտրությունների հարցը քննարկվելու է Ստրասբուրգում


Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների հարցը կընդգրկվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այսօր սկսված ձմեռային նստաշրջանի օրակարգում: Այդ մասին ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հաղորդել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, որը մասնակցել է ԵԽԽՎ֊-ի Բյուրոյի նիստին:

Նրա վկայությամբ, նախատեսվում է քննարկել Ադրբեջանի ընտրությունները, բայց որեւէ փաստաթուղթ չի ընդունվելու:

Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության անդամներին մանդատից զրկելուն, ապա ըստ Կոսաչովի, «այդ հարցի վերաբերյալ կարծիքները կիսվել են, սակայն ակնհայտ է, որ վեհաժողովում այդ լիազորությունները հարցականի տակ են դրվելու»:

Յուրաքանչյուր հունվարին Խորհրդարանական վեհաժողովը հաստատում է բոլոր պատվիրակությունների լիազորությունները, իսկ Ադրբեջանի հարցը, կարծես թե, փորձելու են առանձնացնել, ինչը կարող է արվել մի քանի ընթացակարգերով: Ասենք, եթե 10 պատգամավոր 5 երկրներից ոտքի կանգնեն եւ առարկեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցում, դա, որպես հրատապ հարց, կընդգրկվի նստաշրջանի օրակարգում:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ հարցը փոխանցվել է Մոնիտորինգի կոմիտե, եւ Վեհաժողովում կքննարկվի չորեշաբթի օրը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG