Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկի գործը կարճվել է


Ստամբուլի դատարանը կիրակի օրը որոշում է կայացրել կարճել աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի գործը, ով մեղադրվում է «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ:

2005 թվականի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ «Թուրքիայում մեկ միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր են սպանվել, եւ իրենից բացի ոչ ոք չի հանդգնում խոսել այդ մասին»:

Ըստ CNN-Turk հեռուստաընկերության, դատարանին ուղղված նամակում արդարադատության նախարությունը նշել է, որ իրավասու չէ գործը շարունակելու մասին որոշում կայացնել, եւ դատարանը որոշել է կարճել գործը:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դատարանի որոշումը՝ նշելով, թե նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա այսօր:

Անցած դեկտեմբերին Օրհան Փամուկի դատավարությունը հետաձգվել էր մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը: Այս ընթացքում Թուրքիայի արդարադատության նախարարությունը պիտի որոշեր, թե որ օրենսգրքով է դատապարտվելու Փամուկը` հի՞ն, թե՞ նոր:

Դատավարությանը աննախադեպ ուշադրությամբ հետեւում էին նաեւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Անգամ թուրք վելուծաբաններն ու լրագրողներն են փաստում, որ այս դատավարությունը շատ ավելի մեծ հարված է հասցրել Թուրքիայի միջազգային վարկին, քան շվեյցարական թերթում Փամուկի արած հայտարարությունները՝ մեկ միլիոն հայերի ցեղասպանության ու քրդերի կոտորածի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG