Մատչելիության հղումներ

Այսօր Ստրասբուրգում աշխատանքն է սկսում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ Ադրբեջանի նոր խորհրդարանական պատվիրակության լիազորությունների հարցը:

Վեհաժողովի կարծիքի վրա կարող է զգալի ազդեցություն ունենալ մինչ այդ կայանալիք Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստը: Բյուրոյում ընդգրկված են ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը, փոխնախագահները, խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները: Սովորաբար, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տալիս Բյուրոյի կարծիքին եւ շատ հազվադեպ է լինում, որ նրա նկատառումները հաշվի չեն առնվում:

Եթե ԵԽԽՎ-ն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների պատճառով չճանաչի այդ երկրի պատվիրակության լիազորությունները, ապա ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին վերաբերող առանձին քննարկում կանցկացվի՝ հրատապ հարցի ռեժիմով: Այդ դեպքում, շաբաթվա ընթացքում ավելի ուշ կորոշվի՝ ինչպե՞ս վարվել Ադրբեջանի ու ԵԽԽՎ-ում նրա պատվիրակության հետ:

Նստաշրջանի առաջին օրը կխոսվի նաեւ Հայաստանի մասին. հաղորդում կտրվի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի դիտարկման արդյունքների վերաբերյալ: Սակայն, առանձին քննարկություն այդ հարցով նախատեսված չէ, հետեւաբար՝ խնդրի վերաբերյալ չի կարող որեւէ հայտարարությամբ հանդես գալ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նորանշանակ անդամ Ստեփան Դեմիրճյանը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG