Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկեց Հայաստանի տարին


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան Մոսկվայում Կրեմլի Մեծ պալատում մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը:

«Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կառուցվում են ռազմավարական գործընկերության ոգով եւ պետք է առաջնորդվեն երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ: Հուսով եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարին մեկ քայլ առաջ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին», - իր ելույթում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Բացման արարողությունը տեղի ունեցավ մոտ մեկուկես ժամ ուշացումով, քանի որ նախապես տոնական համերգից հետո հայտարարված Քոչարյան-Պուտին հանդիպումը տեղի ունեցավ համերգից առաջ:

Իրենց անունը հայտնել չցանկացած Հայաստանի պատվիրակության անդամները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գազի սակագնի հարցը: Առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:

Ինչ վերաբերում է տոնական համերգին, ապա Կրեմլի մեծ պալատում հավաքվածների մեծ մասը հայեր էին: Ռուսաստանի Պեդումայի հայազգի պատգամավոր Արթուր Չիլինգարովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ ռուսներ գրեթե չկային. - «Նման միջոցառումները կազմակերպվում են, որպեսզի հենց ռուսաստանցիները ծանոթանան հայկական մշակույթին», - ասել է Արթուր Չիլինգարովը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG