Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ֊ - 2006»-ին Հայաստանը կներկայացնի Անդրեն


«Հաշվի առնելով ազգային երաժշտական մրցանակաբաշխության երկու տարվա արդյունքները, Եվրատեսիլի կազմակերպիչների կարծիքը, ինտերնետային քվեարկության արդյունքներն ու նաեւ այն, որ Հանրային հեռուստատեսության «թեժ տասնյակը» տասնչորս շաբաթ գլխավորել է Անդրեն՝ Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ֊ - 2006»-ին կմասնակցի Անդրեն», - ասում է Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը:

«Երբ իմացա, շատ հուզվեցի, շատ մեծ պատասխանատվություն է, ես ոչ միայն երգիչ Անդրեին եմ ներկայացնելու, այլեւ՝ մեր երկիրը: Կխնդրեի, որ երկրպագուներս ինձ համար աղոթեին», - ասում է Անդրեն:

Անդրկովկասում Հայաստանը առաջին երկիրն է, որ մասնակցում է այս հեղինակավոր մրցույթին: Ադրբեջանը եւ Վրաստանը մրցույթին մեզ մրցակից չեն լինելու: Հրաչյա Քեշիշյանի խոսքով, մրցույթին մասնակցելու հրավերը ստանում է տվյալ երկրի հանրային հեռուստաընկերությունը`դառնալով եվրոպական հեռարձակողների միության անդամ:

«Եվրատեսիլ - 2006»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 20-֊ին Աթենքում: Մինչ այդ` մայիսի 18֊-ին տեղի կունենա մրցույթի կիսաեզրափակիչը, որին մասնակցելու են քսանչորս երկրներ` այդ թվում Հայաստանը:

Եվրատեսիլի կիսաեզրափակիչի քվեարկությունը անցկացվելու է sms հաղորդագրություններով, իսկ եզրափակիչը` հեռախոսային քվեարկությամբ: Ի դեպ, մասնակից երկրի ներկայացուցիչները իրավունք չունեն քվեարկել սեփական մասնակցի օգտին: Սակայն մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են մեծապես աջակցել Անդրեին`արտերկրից քվեարկելով նրա օգտին: Մրցույթի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ www.evrovision.am ինտերնետային կայքում:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG