Մատչելիության հղումներ

Մոսկովյան եւ ադրբեջանական թերթերը՝ «Փյունիկ»-ի մասին


Մեկնաբանելով հայաստանյան «Փյունիկ» ֆուտբոլային թիմի որոշումը՝ հրաժարվել Բաքվի «Նեֆթչի»-ի հետ խաղից՝ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը այսօր հիշեցնում է այդ թիմերի նախորդ հանդիպման դրվագները:

«Կոնֆլիկտները սկսվեցին առաջին իսկ րոպեից՝ հայ երկրպագուները տեղավորվել էին այն կողմում, որտեղ մրցաշարին մասնակցող երկրների պետական դրոշներն էին կախած, այդ թվում նաեւ Ադրբեջանի դրոշը: «Փյունիկ»-ի երկրպագուները անմիջապես հայկական դրոշ գցեցին ադրբեջանականի վրա եւ ծածկեցին այն: «Նեֆթչի»-ի երկրպագուները նետվեցին արդարությունը վերականգնելու: Կարճ ծեծկռտուքից հետո ռուսաստանյան ոստիկանությունը ադրբեջանցիներին դուրս քշեց հայկական տրիբունայից, իսկ հայերին ստիպեց հանել հայկական դրոշը ադրբեջանականի վրայից: Խաղի ողջ ընթացքում երկրպագուները միմյանց վիրավորում ու հայհոյում էին, իսկ ֆուտբոլիստները վերջին սուլոցից հետո կռվեցին», - գրում է թերթը՝ փաստելով, որ իրադրությունը բարդանալու էր նրանով, որ հունվարի 20֊-ին ադրբեջանցիները նշում են 1990 թվականի իրադարձությունների տարեդարձը, երբ խորհրդային զորքերը ճնշեցին հուզումները, որոնք ծագել էին հենց Ղարաբաղի հարցի պատճառով:

«Գազետա» թերթը մեջբերում է Ռուսաստանի ֆուտբոլային խորհրդի հայտարարությունը՝ «Տեղյակ լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի բարդ ու չլուծված խնդիրների մասին, կազմկոմիտեն գրավոր երաշխիքներ էր ներկայացրել հայկական թիմին, որ խաղացողների, երկրպագուների եւ պատվիրակությունների անվտանգությունը ապահովվելու է: Ցավոք, «Փյունիկ»-ի ղեկավարությունը մարզական հարցը տեղափոխեց քաղաքական հարթություն: Անշուշտ, նման դեմարշը կասկածի տակ է դնելու այդ թիմին հաջորդ մրցաշարերին հրավիրելու նպատակահարմարությունը»:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ն որպես հոդվածի վերնագիր է ընտրել Պուշկինի բանաստեղծական տողը՝ «Դու ստրուկ ես, դու վախկոտ ես, դու հայ ես»: Հոդվածն ավարտվում է այսպես. - «Դե ինչ, մենք հավատում էինք, որ «Նեֆթչի»-ն այս անգամ էլ կհաղթեր, եթե հայերը քաջություն ունենային դուրս գալ խաղադաշտ: Մենք չենք պատրաստվում լուրջ զուգահեռներ անցկացնել ղարաբաղյան պատերազմի հետ, բայց որ մեր ժողովուրդը ընկճված չէ՝ համոզված ենք: Հաղթանակները դեռ առջեւում են՝ եւ ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում…»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG