Մատչելիության հղումներ

«Եվրամիության հետագա ընդարձակումը տեսանելի ապագայի խնդիր չէ»


Եվրախորհրդարանի «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի վերաբերյալ հինգշաբթի երեկոյան ընդունված զեկույցում նշվում է, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել աջակցությունն ու նույնիսկ հետագա համագործակցությունը «Նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկված այն երկրների հետ, որոնք շեղվում են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշներից»:

«Եվրամիության հետագա ընդարձակումը տեսանելի ապագայի խնդիր չէ», - զեկույցի քննարկման ժամանակ նշել են Եվրախորհրդարանի անդամները: Քննարկումը ցույց տվեց, որ խորհրդարանականների օրակարգում այժմ առաջնայինը «Նոր հարեւաններ» ծրագրի արդյունավետ կիրառումն է:

2007 թվականից Եվրամիությունը այս ծրագրի համար կառանձնացնի առանձին բյուջե եւ կհատկացնի մոտ երկու անգամ ավելի շատ գումար: Սա, ըստ վերլուծաբանների, հնարավորություն կտա առաջիկայում առավել հաճախ կիրառել «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությունը Եվրամիության պահանջներից շեղվող երկրների նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ «Եվրամիության երկրները անհրաժեշտ են համարում առաջընթաց ապահովել հայ-թուրքական սահմանի բացման հարցում»:

«Հաշվի առնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի զարգացումն ու տարածաշրջանային համագործակցությանը, Եվրամիությունը կոչ է անում կողմերին խուսափել ռազմաշունչ հայտարարություններից եւ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հարգելով ինչպես փոքրամասնությունների իրավունքները, այնպես էլ երկրների տարածքային ամբողջականությունը, - արձանագրված է զեկույցում:

Հրապարակված զեկույցում Եվրամիությունը հորդորում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել փախստականներին գրավյալ տարածքներ վերադարձնելու համար, ինչպես նաեւ կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ առավել արդյունավետ համակարգել բանակցային գործողությունները Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ:

Եվրոպական ընտանիքը Հարավային Կովկասին առաջարկում է նաեւ «Եվրոպական կայունության պակտ»:

«Այս համաձայնագիրը հնարավորություն կտա տարածաշրջանային հակամարտությունները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, ինչպես նաեւ օրինակ կհանդիսանա այլ հակամարտությունների կարգավորման համար», - ասված է Եվրամիության զեկույցում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG