Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հինգշաբթի օրը Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպություն 2006 թվականի զեկույցի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Զեկույցում տեղ են գտել դրույթներ, որոնք ուղղակի տարակուսանք են առաջացնում, որովհետեւ աղերսներ չունեն իրականության հետ»:

Այս տարվա զեկույցում Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ «արհամարհվում են մարդու իրավունքները»:

Սողոմոնյանը, միչնդեռ, «ցավ հայտնեց», թե զեկույցում «բազմաթիվ ոչ օբյեկտիվ կետեր կան»: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները ավելի մանրամասն անդրադառնան զեկույցի դրույթներին:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց. - «Շատ երկրներ կան, որտեղ մարդու իրավունքները բավականին շատ են խախտվում, բայց հիմնականում այդ երկրների իշխանությունները շարժվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը հաստատելու ճանապարհով, ինչի ընթացքում, իհարկե, խախտումներ լինում են»:

Այս տեսակետից, ըստ Իշխանյանի, զեկույցի տվյալ նախադասությունը կարելի հասկանալ հետեւյալ կերպ. - «Այդպիսի միտում Հայաստանի իշխանությունների կողմից [մարդու իրավունքները հարգելու] չի նկատվում»:

«Զեկույցում տեղ գտած Հայաստանում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը համապատասխանում են իրականությանը», - ասաց Իշխանյանը: - «Զեկույցը անաչառ է եւ օբյեկտիվ»:

Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիդա Ալավերդյանը, թեեւ վերապահումներով, բայց նույնպես կարծում է, որ Human RIghts Watch-ի՝ մեր երկրին տված գնահատականը իսկապես «կոշտ գնահատական է»:

«Ուղղակի ինքը՝ բնութագիրը, մեզ պետք է շատ բան ասի», - ավելացրեց Ալավերդյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG