Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է թռչնագրիպի դեմ պայքարի ծրագիրը


Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը» եւ հույս ունի այն իրագործելու համար միջազգային դոնորներից զգալի նյութական աջակցություն ստանալ։

Նիստից հետո Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն ասաց, թե ծրագիրը մշակվել Համաշխարհային բանկից դրամաշնորհ ստանալու նպատակով. - «Ազգային ծրագրի ընդունումը կապված է հենց Համաշխարհային բանկի վարկի խնդրի հետ եւ գրանտի խնդրի հետ... Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը առաջարկել է առաջին փուլի համար 4 միլիոն դոլար: Ֆինանսների նախարարությունը արդեն պատրաստել է պատասխանը, որ դրա անհրաժեշտությունը կա, եւ խնդրել է, որ ավելի շուտ մեզ այն փոխարինեն գրանտի տեսքով»:

Ծրագիրը, ըստ նախարարի, ենթադրում է ամեն ինչ՝ սկսած օրենսդրական փոխոխություններից մինչեւ թռչնագրիպով վարակված թռչունների ոչնչացման կարգն ու փոխհատուցման մեխանիզմերը։ Այն ենթադրում է նաեւ թռչնագրիպի վիրուսի հայտնաբերման լաբորատոր սարքերի ձեռքբերում, մասնագետների ուսուցում եւ վերապատրաստում, կանխարգելիչ միջոցառումներ սահմանների վրա եւ այլն։

«Առայժմ թռչնագրիպ Հայաստանում չի գրանցվել», - հերթական անգամ վստահեցրեց նախարարը: - «Փաստ է, որ այսօր այս երեւույթը երկրում չկա»:

Նախարարը հերքեց հնարավորությունը, թե թռչնագրիպի դեպքեր Հայաստանում կան, բայց այդ մասին պաշտոնական կառույցները լռում են. - «Հայաստանի Հանրապետությունում ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի բժիշկ, ոչ մի անասնաբույժ չի կարող թռչնի գրիպի առկայությունը թաքցնել, քանի որ դրա համար այդ մարդիկ պատասխանատվություն պետք է կրեն օրենքի մի շարք հարցերով»:

Նախարարը հավելեց, թե թռնագրիպի բռնկման առումով առավել ռիսկային գոտիներում՝ Արաքսին հարող տարածքներում կազմակերպված ընթանում է ընտանի թռչունների վակցինացիա։ Վակցինացման պրոցեսը 80 տոկոսով ավարտվել է: Նա հավելեց, թե 2 օրից թռչնագրիպի գծով FAO-ի մասնագետները, իսկ ամսվա վերջին նաեւ ԱՄՆ-ի մասնագետները, որոնք գտնվում են Թուրքիայում, կգան Հայաստան ու տեղում կուսումնասիրեն իրավիճակը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG