Մատչելիության հղումներ

Անտուն երեխան չպետք է դրսում մնա


2 տարի առաջ Հակոբը հասկացավ, որ այլեւս չի կարող ապրել տնեցիների հետ ու փորձեց ինքնուրույն կյանք սկսել. - «Շինարարությունում էի աշխատում, մեքենա էի լվանում, գոնե 3000 դրամ օրական վաստակում էի. կարեւորը տուն չէի գնում»:

Ծնողների բողոքով ոստիկանները Հակոբին տանում են Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն: Հակոբն անհամբերությամբ սպասում է, որ շուտով ուսումնարան կընդունվի, ատամնատեխնիկ կդառնա:

Հակոբի երազանքը կենտրոնում փորձում են իրականացնել: Այստեղ Հակոբը ամենամեծն է: Կենտրոնում հիմնականում դպրոցահասակ երեխաներ են, ովքեր կամ տուն չունեն, կամ մեկ այլ պատճառով հայտնվել են փողոցում ու մուրացկանություն արել: Հիմա նաեւ ծնողներն են երեխաներին բերում այստեղ:

Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը հիշում է, որ սկզբնական շրջանում մեծամասամբ մուրացկան փոքրիկներին էին կենտրոն բերում, հիմա ավելի շատ անտուններն են:

Փողոցում հայտնված երեխաներին հիմնականում ոստիկանները ստիպողաբար են կենտրոն բերում: Միրա Անտոնյանը արդարացնում է սա, քանի որ օրեր անց երեխաներն իրենք են գոհ մնում:

Փոքրիկների համար սա ժամանակավոր ապաստան է. մեկ ամիս անց նրանց տեղավորում են կամ մանկատներում, կամ էլ ծնողներին են վերադարձնում: Միրա Անտոնյանն ասում է, որ իրենք անում են հնարավորը ընտանիքի եւ երեխայի միջեւ կոնֆլիկտը վերացնելու համար, սակայն հաճախ ծնողները դրժում են իրենց խոստումն ու երեխաները դարձյալ դրսում են հայտնվում:

Մուրացկանությունից կտրված փոքրիկը նոր հագուստ է նվեր ստանում, նորմալ սնվում է: Եղել են դեպքեր, երբ 16 տարեկան պատանին անգամ տառաճանաչ չի եղել: Կենտրոնում լավ կյանք տեսնելուց հետո էլ, սակայն, երեխաներին կարող է դարձյալ հիասթափություն սպասել իրական կյանքում:

Այստեղ հավաքված բոլոր փոքրիկները անորոշ սպասման մեջ են. մեկի մայրը դատարանում փորձում է կորցրած բնակարանը վերականգնել, մյուսի հայրն էլ խոստացել է վառելափայտ գնել ու որդուն տուն տանել, իսկ ոմանք անգամ այդ հույսերն էլ չունեն: Բայց մի բան հաստատ գիտեն՝ ընկեր Անտոնյանը խոստացել է, որ էլ փողոցում չեն հայտնվի:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG