Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում բարձրացնելու է գազի սակագնի հարցը


Ինչպես այսօր ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ում կայացած ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը այս կիրակի Մոսկվայում բարձրացնելու է ռուսաստանյան գազի սակագնի հարցը:

Սարգսյանի հավաստմամբ՝ վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքափոխանակությունն աճել է մոտ 35 տոկոսով:

Ասուլիսին մասնակցած Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հայտնել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի 70 տոկոսը ներկայումս պատկանում է Ռուսաստանին:

Հունվարի 22֊-ին Ռոբերտ Քոչարյանը Կրեմլի պալատում մասնակցելու է Ռուսաստանում Հայաստանի տարվա հանդիսավոր բացմանը: Հայաստանցի դիվանագետի վկայությամբ՝ հայաստանյան միջոցառումներ են կազմակերպվելու Ռուսաստանի 25 մարզերում: Այս առիթով Մոսկվա են ժամանելու հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը եւ ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, որը նույնպես մասնակցել է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ում կայացած ասուլիսին, կարծիք է հայտնել, որ «հայերը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր ապրում են Ռուսաստանում, ձգտում են ցուցադրել իրենց ժողովրդի արդի կյանքի ողջ հարստությունը»:

«Ռուսաստանի հայ համայնքը միավորում է շատ արժանավոր մարդկանց, որոնցով կարող է հպարտանալ ժամանակակից աշխարհը», - ասել է Շվիդկոյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG