Մատչելիության հղումներ

Թուրքիայում թռչնագրիպից մահացել է 5-րդ երեխան


Էրզրումի հիվանդանոցում չորեքշաբթի երեկոյան մահացել է 11-ամյա մի աղջիկ, ում թռչնագրիպի ախտանշաններով տեղափոխել էին Մուշից: Ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, նա H5N1 վիրուսից մահացած 5-րդ երեխան է Թուրքիայում:

Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ Վանի բժիշկներին հաջողվել է օրհասական վիճակից դուրս բերել թռչնագրիպով վարակված 5-ամյա Մուհամեդ Օզչանին, ով մեկն է Թուրքիայի այն 21 բնակիչներից, ում մոտ թռչնագրիպ է հայտնաբերվել: Նրա 12--ամյա քույրը մահացել էր կիրակի օրը:

Թուրքիայում մոտ 1 միլիոն ընտանի թռչուն է ոչնչացվել, սակայն մասնագետները մտավախություն ունեն, որ դա չի կարող կանխել թռչնագրիպի տարածումը: Միայն հունվար ամսին Թուրքիայի կրած վնասը կազմել է 400 միլիոն դոլար, թռչնի մսի պահանջարկը նվազել է 80-85 տոկոսով: Փորձագետների կանխատեսմամբ, թռչնագրիպից ընդհանուր վնասը կարող է կազմել 1,5 միլիարդ դոլար:

Թուրքիայի բժիշկների միության փոխնախագահ Մեթին Բաքալչին չորեքշաբթի օրը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է մինչեւ առաջին մարդկային զոհը արձանագրվելը թռչնագրիպի տարածման դեմ անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու մեջ՝ ավելացնելով, թե «վարակի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը չի փոխվել»:

«Turkish Daily News»-ի փոխանցմամբ, Բաքալչին նշել է, որ մարդու կողմից թռչնագրիպի վարակի առաջին դեպքը արձանագրվելուց շատ կարճ ժամանակ անց հետո Թուրքիայի 12 նահանգներում հայտարարվել էր թռչունների մոտ մահացու վարակի հայտնաբերման մասին. - «Ակնհայտ է, որ մեկ օրում վարակը չէր կարող տարածվել այդպիսի մեծ տարածքում: Սա վկայում է, որ մենք որոշ ժամանակ ապրել ենք թռչնագրիպի պայմաններում եւ մինչեւ առաջին մարդկային զոհը անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկվել», - ասել է նա:

Չորեքշաբթի Ռուսաստանը հայտարարել էր, որ պատրաստ է Թուրքիային տրամադրել իր բացահայտած նոր դեղամիջոցը՝ թռչնագրիպի դեմ պայքարելու համար: Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյանը, ըստ «Ա1+»-ի, հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել Ռուսաստանին այդ դեղամիջոցը ձեռք բերելու համար, քանի որ միակ հաստատված դեղամիջոցը «Տամիֆլյուն» է եւ Հայաստանը շարունակելու է դա օգտագործել:

Հայաստանի կառավարությունը այսօր հաստատել է Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG