Մատչելիության հղումներ

Երեւանի «Փյունիկ»-ը հրաժարվեց խաղալ Բաքվի «Նեֆչի»-ի հետ


Երեւանի «Փյունիկ» ակումբը հրաժարվել է հանդիպել Բաքվի «Նեֆչի»-ի հետ Մոսկվայում անցկացվող ֆուտբոլի ԱՊՀ չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:

«Պաշտոնապես «Փյունիկ»-ի որոշումը դեռեւս չի ձեւակերպվել: Բայց եթե դա լինի, կազմկոմիտեն ստիպված կլինի քննարկել հետագայում «Փյունիկ»-ի մասնակցությունը խաղարկությանը արգելելու հարցը», - նշել է Համագործակցության գավաթի կազմկոմիտեում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը՝ ավելացնելով, որ հարցում պարզություն կմտցվի արդեն այսօր:

«Նեֆչի»-ի հետ հանդիպելուց «Փյունիկի» հրաժարվելու մասին լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը, ով սակայն, հրաժարվեց այլ տեղեկություններ հաղորդել:

Նախկին խորհրդային հանրապետությունների ֆուտբոլի չեմպիոնների գավաթը Մոսկվայում խաղարկվում է արդեն 14-րդ անգամ, եւ նման սկանդալ առաջին անգամ է տեղի ունենում:

Հայաստանի եւ Ադրբեջանի չեմպիոնները ԱՊՀ չեմպիոնների գավաթի շրջանակներում հանդիպել էին նաեւ անցյալ տարի, եւ այն ժամանակ 2:0 հաշվով հաղթանակ էր տարել «Նեֆչի»-ն: Խաղը ուղեկցվել էր նախ դաշտում՝ ֆուտբոլիստների միջեւ, ապա հայ եւ ադրբեջանցի երկրպագուների միջեւ ծեծկռտուքով:

Փյունիկ» ակումբը եւ Մոսկվա մեկնած պատվիրակությունը այսօր վերադարձան Երեւան: Ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանի խոսքերով, նման որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամաքը, որ մրցաշարի կազմկոմիտեն հայաստանցի ֆուտբոլիստների անվտանգությունը գրավոր չի երաշխավորել:

Կազմկոմիտեի մամլո քարտուղար Անդրեյ Մալասոլովը այսօր հայտնել է, որ «Փյունիկ» - «Նեւթչի» հանդիպման ժամանակ անվտանգությունը պետք է ապահովեին 1500 ոստիկաններ, հակառակորդ թիմերի երկրպագուները մարզադաշտ էին մտնելու տարբեր մուտքերով եւ տարբեր տրիբունաներ պետք է զբաղեցնեին: Այս խոստմանը, սակայն, «Փյունիկի» ղեկավարները տեղյակ չէին, քանի որ նրանք արդեն վերադարձի ճանապարհին էին:

Կարեն Հարությունյանի խոսքերով՝ իրենք չէին կարող Մոսկվայում մեկ օր ավելի անցկացնել, քանի որ դա ֆինանսական միջոցներ է պահանջում:

«Փյունիկ»-ի ղեկավարների նման որոշումը կարող է ստվեր գցել հայկական ակումբների միջազգային իմիջի վրա: Ըստ որոշ աղբյուրների, արդեն այսօր մոսկովյան մրցաշարի կազմկոմիտեն քննարկում էր «Փյունիկ»-ին որակազրկելու հարցը:


Նարեկ Գալստյան եւ Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG