Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմենն իր տեսակետը չի փոխել


Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի փակ նիստում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին հայտարարել է, թե չի հրաժարվում «դիսկրիմինացիոն» տերմինից, որով նա բնութագրել է պետության վերաբերմունքը ոչ ուղղափառ դավանանքների հանդեպ: Տերմինը տեղ էր գտել մեկ ամիս առաջ խորհրդարանին ներկայացված 2005 թվականին մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի մասին աղմկահարույց զեկույցում: 0մբուդսմենը նաեւ կոչ է անում Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրաված եկեղեցիները:

«Երեկվա լսումներին Սոզար Սուբարին մնաց իր դիրքերում: Ես նույնպես ելույթ ունեցա եւ համոզմունք հայտնեցի, որ Վրաստանի պետության եւ եկեղեցու միջեւ կնքված այսպես կոչված «սահմանադրական պայմանագիրը» կկնքվի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հետ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց լսումներին մասնակցած վիրահայ պատգամավոր Վան Բայբուրթը:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը խոսել է նաեւ այն 5 հայկական եկեղեցիների մասին, որոնք այսօրվա դրությամբ փակված են: Ըստ Բայբուրթի, դրանցից 4-ը Թբիլիսիում են, 1-ը՝ Ախալցխայում: Եկեղեցիները խորհրդային տարիներին գործել են որպես գրադարան, պահեստ: Եկեղեցական եւ ճարտարապետական այդ շինությունները պատկանում են Վրաստանի մշակույթի նախարարությանը:

«Կարծում եմ, այդ եկեղեցիների հարցն էլ դրական լուծում կստանա, չնայած կան պատգամավորներ եւ հասարակական կազմակերպություններ, որոնք չգիտես ինչու ասում են՝ փակ են, թող փակ մնան», - նշեց Վան Բայբուրթը:

Նրա խոսքերով, 2005 թվականին մարդու իրավունքների ոլորտոմ իրավիճակի մասին զեկույցը մնում է ուժի մեջ, սակայն պատգամավորների որոշ մասի կարծիքով, զեկույցից պետք է հանվի «դիսկրիմինացիոն» բառը:

Դեկտեմբերին Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարիի զեկույցըը առաջացրել էր խորհրդարանի մեծ թվով պատգամավորների զայրույթը, ովքեր ի նշան բողոքի լքել էին նիստերի դահլիճը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG