Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը, ըստ Human Rights Watch-ի, մարդու իրավունքները արհամարհող երկրների թվում է


Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության 2006 թվականի զեկույցում Հայաստանը հիշատակվում է «մարդու իրավունքներն արհամարհող» երկրների թվում:

Ամենամյա զեկույցում նշվում է, որ թեեւ միջազգային համայնքը 2005 թվականին շարունակեց դրական գնահատել Հայաստանի տնտեսական կատարողականը, կառավարությունը չկարողացավ բարելավել իր ցուցանիշները մարդու իրավունքների ասպարեզում. - «2004 թվականին ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումների արդյունքում 2005 թվականին ավելի քիչ հանրահավաքներ եղան: Դրա հետեւանքով, կառավարության ճնշումները ընդդիմության նկատմամբ 2005 թվականին պակաս տեսանելի էին»:

Իշխանությունները, ըստ զեկույցի հեղինակների, սահմանափակում են հավաքներ անցկացնելու՝ մասնավորապես ընդդիմության հանրահավաքների ու ցույցերի ազատությունը. - «2005 թվականին մի շարք դեպքերում ոչ կառավարական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները փորձեցին հանրահավաքներ անցկացնել: Ոստիկանությունը եւ անհայտ անձինք միջամտեցին, խլեցին ցուցապաստառները, կամ հրահրեցին անկարգություններ»:

Human Rights Watch-ը վկայակոչում է ապրիլի 20-ին տեղի ունեցած «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կազմակերպած հանդիպումը Սեւան քաղաքի բնակիչների հետ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նկարագրում է միջադեպը, երբ անծանոթ մարդիկ սկսել են կռվել հանրահավաքի մասնակիցների հետ. նրանցից մեկը կրակել ու վիրավորել է համալսարանի մի ուսանողի, որը նույնպես մասնակցում էր այդ հավաքին:

Human Rights Watch-ը իր զեկույցում արձանագրում է նաեւ, որ ոստիկանության կալանավայրերում մարդկանց նկատմամբ կիրառվող կտտանքներն ու նվաստացումները տարածված երեւույթ են Հայաստանում. - «Կտտանքները սովորաբար տեղի են ունենում նախադատավարական կալանքի ժամանակ եւ արվում են հիմնականում երրորդ կողմի դեմ վկայություն կամ խոստովանություն կորզելու նպատակով»:

Ըստ Human Rights Watch-ի, չարաշահումները շարունակվում են նաեւ բանակում, ուր «ամեն տարի մահացության տասնյակ կասկածելի դեպքեր են տեղի ունենում»:

Զեկույցում հիշատակվում է թուրք գիտնական Եկթան Թյուրքիլմազի ձերբակալությունը. նշվում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները հարցաքննել են թուրք գիտնականին՝ վերջինիս հետազոտությունների եւ քաղաքական հայացքների առումով: «Իշխանությունները երկու օր հնարավորություն չեն տվել թուրք գիտնականին շփվել իր փաստաբանի հետ», - ասված է զեկույցում:

«Թեեւ հայկական լրատվական դաշտը անկախ ու ընդդիմադիր տպագիր մամուլ ունի, սակայն «Ա1+»-ը, «Նոյյան Տապան»-ը եւ ռուսաստանյան «Էն-Տե-Վե»-ն չեն կարող հեռարձակվել, քանի որ կառավարույթունը զրկել է նրանց արտոնագրից», - նշվում է զեկույցում:

Human Rights Watch-ի 2005 թվականի զեկույցում մի շարք քննադատական դիտողություններ կան կառավարության հասցեին նաեւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու համար: Նշվում է, որ «Եհովայի վկաներ»-ի 16 անդամ բանտում են, եւս 19 եհովայի վկաների դեմ հարուցված են դատական գործեր: Նրանք մեղադրվում են զինծառայությունից խուսափելու մեջ:

«2005 թվականի մայիսին կառավարությունը դիմեց Սահմանադրական դատարան եւ սահմանափակեց օմբուդսմենի լիազորությունները դատարաններից փաստաթղթեր ստանալու եւ դրանց ծանոթանալու առումով: Սահմանադրական դատարանը այս որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ հրապարակվեց օմբուդսմենի առաջին տարեկան զեկույցը, որտեղ կառավարությունը քննադատության ենթարկվեց մարդու իրավունքների ասպարեզում», - ասված է զեկույցում: Այնուհետեւ Human Rights Watch-ը վկայաբերում է օմբուդսմենի գրասենյակից անվտանգության ուժերի կողմից համակարգչի առգրավման դեպքը. - «Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ անվտանգության ծառայությունը համակարգիչն առգրավելու իրավունք չի ունեցել»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG